Մեզ համար իրական արդյունքը կլինի այն, որ հակակոռուպցիոն բարեփոխումները տեսանելի դառնան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Tert.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս նշում է, որ զեկույցներում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերի վերաբերյալ նշված է, որ Հայաստանում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց կա՝ կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնայնացման, հանցագործությունների վերաբերյալ բացահայտումների վիճակագրության ավելացման հետ: Նախարարը համաձայնում է նաև տեսակետների հետ, թե կոռուպցիայի առկայությունն ինքնին խոչընդոտում է հավասարապես բոլոր երկրների զարգացմանը և վտանգում վերջիններիս անվտանգությունը և այս առումով Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ:

- Հայաստանի կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) համաթվի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: Նախորդ տարի Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35: Արձանագրված հետընթացն ինչի՞ արդյունք է, ինչի՞ մասին է սա վկայում:

- Ճիշտ եք նշում՝ կոռուպցիայի ընկալման համաթիվ, այսինքն՝ դա վերաբերում է ընկալմանը, որն ուղիղ համեմատական չէ իրականությանը: Նախևառաջ, ցանկանում եմ փաստել, որ Հայաստանի կոռուպցիայի համաթվի կազմման համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը օգտագործել է վեց տարբեր աղբյուրներ: Այդ ցուցանիշը վերաբերում է ոչ թե ուղղակիորեն կոռուպցիայի ոլորտում իրականացված կամ չիրականացված միջոցառումներին, այլ միջազգային հանրության և ՀՀ քաղաքացիների ընկալմանը երկրում կոռուպցիայի նվազման վերաբերյալ: Ընդ որում՝ կոռուպցիայի ընկալման առումով հաշվի են առնվում հիմնականում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ նմանատիպ գործոններ: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վիճակագրորեն իրավիճակի վատթարացում չի եղել, և վարկանշային առումով այդքան մեծ տարբերությունը հիմնականում պատճառաբանվում է այն հանգամանքով, որ սանդղակում ընդգրկված պետությունների թիվն իննով աճել է, ընդ որում՝ բավականին աճել են ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնող պետությունների ցուցանիշները: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը ՀՀ կառավարությանը մտորելու առիթ է տալիս և ստիպում է ձեռնարկել առավել թիրախային և վճռական քայլեր:

- Մասնագետների խոսքով՝ համաթվի նման արդյունքը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության, կոռուպցիոն բուրգի առկայության մասին: Համաձա՞յն եք:

- Ինչպես արդեն նշեցի, այդ համաթիվը չի կարելի ուղղակիորեն կապել երկրում առկա կոռուպցիայի մակարդակի հետ: Առավել ևս, չի կարելի խոսել այն մասին, որ ԿԸՀ երկրների սանդղակում հետընթացը փաստում է համակարգային կոռուպցիայի կամ կոռուպցիոն բուրգի առկայության մասին: Այդ պատճառով, ամբողջական պատկեր ստանալու համար պետք է մանրամասն և հավասարակշռված ձևով գնահատել կոռուպցիայի վրա ազդեցություն ունեցող ցանկացած գործոն: Օրինակ՝ կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերջին 1-2 տարիների արդյունքների և ձեռնարկվող քայլերի արդյունավետության մասին պետք է հարցում կատարել նաև տեղական հասարակական կազմակերպությունների և ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների շրջանում: Այդուհանդերձ, մեզ համար իրական արդյունքը կլինի այն, որ հակակոռուպցիոն բարեփոխումները տեսանելի դառնան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

- Տիկին Հովհաննիսյան, իշխանությունները կարծես մի շարք քայլեր նախաձեռնում են կոռուպցիոն հանցագործությունների նվազեցման նպատակով, սակայն, արդյունքը, ինչպես ասացիք, յուրաքանչյուր քաղաքացու համար դեռ տեսանելի չէ: Ո՞րն է բացթողումը, արդյոք քաղաքական կամքի բացակայությա՞ն հետևանքով է, որ կոռուպցիան չի նվազում:

- Զեկույցներում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերի վերաբերյալ նշված է, որ վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց կա՝ կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնայնացման, հանցագործությունների վերաբերյալ բացահայտումների վիճակագրության ավելացման հետ:

Կառավարությունը դրսևորել և շարունակաբար դրսևորում է քաղաքական կամք, որի մասին բարձրաձայնում են նաև մեր միջազգային գործընկերները: Իրավական դաշտի առումով ՀՀ կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մասին մի քանի տարի առաջ նույնիսկ խոսք անգամ չէր կարող լինել, և նույնիսկ շատերը թերահավատությամբ էին լցված: Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են պաշտոնատար անձանց կողմից կանխիկով կատարվող գործարքները, աշխատանքներ են տարվում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ:

Թե՛ Ազգային ժողովում քննարկման, թե՛ հանրային քննարկումների ժամանակ ես բազմիցս նշել եմ, որ հաջողության համար անհրաժեշտ է մի շարք հաջորդական, միմյանցով փոխպայմանավորված միջոցառումների ձեռնարկում, այլ կերպ ասած՝ համալիր մոտեցում: Մենք ձեռնարկել ենք մի շարք տեսանելի քայլեր, որոնց մի մասն ընթացքի մեջ է. դրանք առաջիկայում կներկայացնենք ձեր դատին:

- ԱԱԾ կողմից վերջերս կոռուպցիոն շղթայի բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ եղան՝ կրթության ոլորտում, սոցապնախարարության, ՔԿՀ-ներում և այլն: Այս հանցանքները ժամանակին կրկնվել են ու հիմա նորից կատարվում են: Ինչո՞ւ են կրկնվում կոռուպցիոն հանցագործությունները: Կարծիքներ կան, որ պատիժն այլևս չի վախեցնում: Այդպե՞ս է:

- Ընդհանարապես, հանցավորության պատճառների վերհանումը համարվում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Սա կփաստի ցանկացած տեսաբան: Հանցավորության աճի և հատկապես կոնկրետ հանցագործությունների թվի աճի պատճառները բազմաթիվ են` սկսած սոցիալ-տնտեսական իրավիճակից, վերջացրած երկրի պատժողական քաղաքականությամբ: Այո, այս ոլորտում մենք ունենք խնդիրներ, սակայն ջանքեր ենք գործադրում կոռուպցիայի հիմքում ընկած պատճառները ախտորոշելու համար: Բայց ասել, թե կոռուպցիոն հանցագործությունների համար նախատեսված պատիժների խստացմամբ նման դրսևորումները կվերանան, կնշանակի ոչինչ չասել: Պատժի անխուսափելիության գաղափարը շատ ավելի կարևոր է, քան պատժի խստությունը: Կարծում եմ՝ խնդիրը հոգեբանական այնպիսի մթնոլորտի ձևավորման մեջ է, որը կնպաստի կոռուպցիոն արատավոր վարքագծի նվազեցմանը:

- Հայաստանում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, որ կոռուպցիան Հայաստանում դարձել է ազգային անվտանգության հարց: ՀՀ-ում ԵՄ դեսպանը ևս՝ համարում է, որ կոռուպցիան խանգարում է տնտեսության զարգացմանը: Այդ դժգոհությունը արդարացվա՞ծ է, կոռուպցիայի առկայությունը Հայաստանում խանգարո՞ւմ է երկրի զարգացմանը, վտանգո՞ւմ է ազգային անվտանգությունը:

- Կարծում եմ, որ կոռուպցիայի առկայությունն ինքնին խոչընդոտում է հավասարապես բոլոր երկրների զարգացմանը և վտանգում վերջիններիս անվտանգությունը: Այս մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ և վերլուծություններ: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը համարելով իր առաջնահերթություններից մեկը, ձեռնարկում է օրենսդրական և գործնական անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի հաղթահարման նպատակով: Ընդհանրապես, կարծում եմ՝ խնդիրը փաստելուց բացի, պետք է մատնանշել նաև կատարված աշխատանքը, որպեսզի ներկայացվածը լինի ճշգրիտ ու օբյեկտիվ: