Հայ-թուրքական սահմանին գտնվող Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը մոտ 20 օր է՝ ջուր չունի: Մեկ տասնյակից ավելի տնտեսություն ունեցող գյուղը զբաղվում է անասնապահությամբ, ամեն ընտանիք մոտ 300-500 գլուխ անասուն ունի ու ոռոգման ու անասունների համար ջուր է ստանում Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպի միջոցով, որի հետ կապված պարբերաբար խնդիրներ են լինում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թլիկ գյուղի գյուղապետ Սլավիկ Սալոյանը՝ նշելով, որ ռուս սահմանապահներն էլ իրենց հերթին են խնդիրներ ստեղծում պոմպը վերանորոգելու հարցում:

«Գյուղը 100 տոկոսով ուշադրությունից դուրս է: Ախուրյան գետի վրա պոմպ է դրված, որը անասուների ու ոռոգման համար է, բայց մենք էլ ենք օգտվում: Իսկ խմելու ջուրը առնում ենք: Ախուրյանից ենք օգտվում, պոմպը վառվեց, նոր պոմպ առանք։ Հիմա էլ ահագին պրոբլեմա՝ ռուս սահմանապահները չեն թողնում իջնենք, մինչև պրոպուսկները չբերենք, էլեկտրիկին էլի չեն թողնում, ասում են՝ մինչև պրոպուսկը չհանեք, չենք թողնելու մոտենա պոմպին։ Էսօր հասել եմ Թալին, Թալինից իջել եմ, մենք էլ ենք մարդ, չէ՞: Մինչև պրոպուսկի հարցերը լուծում ենք, գյուղը մի քանի օր առանց ջրի ա մնում: Էս 20 օր ա գյուղում ջուր չկա, կողքի գյուղերից ենք ջուր կրում»,-ասաց գյուղապետը:

Խնդրի առթիվ Սլավիկ Սալոյանը դիմել է Արագածոտնի մարզպետին, վերջինս առաջարկել է հանդիպել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որը Հայաստանում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորն է։

«Մարզպետից գրություն եկավ, որ երկուշաբթի գնամ իրենց հետ խորհրդակցեմ, էդ էլ շատ գիտեմ՝ երբ կլինի: Մեր կողքի գյուղերում էլ ջուր չկա, 2 օր լինում է, 3 օր չի լինում: Ես շա՞տ գիտեմ՝ հովանավոր կլինի՞, որ 10 կմ ջրագիծ քաշեն, բերեն, հասցնեն գյուղ»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ բացի ոռոգման ջրի խնդրից, որը հիմնականում ձմռանը օգտագործում են անասունների խնամքի ու իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար, գյուղը ունի նաև խմելու ջրի խնդիր: Խմելու ջուրը Թլիկում գնում են ջրատար մեքենաներից, որոնք գյուղ են գալիս 7-10 օրը մեկ:

«Ցիստեռնով բերում են, առնում ենք։ Էս անգամ 20 օրը մեկ են բերել, բոլոր ճամփեքը փակ էր: Ճանշին զանգում եմ, ասում ա՝ էդ իմ պարտականությունը չի, էն մեկին զանգում եմ, ասում ա՝ մյուսին զանգի: Ասում եմ՝ գոնե եկեք դպրոցի ճամփեն բացեք, որ դպրոց լինի, մեկը մեկի վրա է գցում, հազիվ մի կերպ գյուղացիներով լապատկեքով մաքրել ենք»,-ասաց նա։

Սլավիկ Սալոյանը ջրի խնդրի միակ լուծումը տեսնում է հետևյալ կերպ, որ գյուղում հոր փորեն ու արտեզյան ջուր հանեն:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Tert.am-ի հարցին, թե որպես մարզպետ ի՞նչ է անում խնդիրը լուծելու համար, պատասխանեց. «Տարբեր քննարկումներ ենք արել էդ հարցով: Ես էս պահով չեմ տեսնում լուծումը, որովհետև բավականին մեծ գումարի խնդիր է՝ մոտ 800 մլն դրամ գումար է պետք, շատ փոքր գյուղ է, Ախուրյանից է գալիս ջուրը էնտեղ և պոմպակայան է գնում: Հարցը բարձրացրել ենք, հիմա Ջրմուղն է քննարկելու էդ հարցը, տեսնենք՝ ինչ մասնագիտական լուծում կտան: Բոլոր տարիներին էդ խնդիրը եղել է»:

Հարցին, թե երբ գյուղացիները ջուր կունենան, մարզպետ Գյոզալյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ քանի օր կտևի: Դա իմ բանը չի, Ջրմուղն է զբաղվում, մարզպետը չի զբաղվում էդ խնդիրներով»: