Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված մեղադրանքին:

Ինչպես հայտնում է The Washinghton Post-ը, հաղորդավար Բիլ Օ'Ռայլին Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Պուտինին մեղադրել է սպանություններ գործելու համար:

Հայտնի է, որ երբ ԱՄՆ նախագահն ասել է, որ հարգում է Պուտինին, Օ'Ռայլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» է անվանել:

«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել է Թրամփը:

Վերջինը հավելել է, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարում պետք է համագործակցել Ռուսաստանի հետ:

Վերադառնալով Պուտինի թեմային՝ Թրամփն ասել է, որ թեկուզ հարգում է նրան, սակայն չգիտի՝ կկարողանա՞ արդյոք «ընդհանուր լեզու» գտնել ռուս ղեկավարի հետ: