Դեկտեմբերի 3-ին, Գագիկ Ծառուկյանի մի խումբ երկրպագուներ խնդրում, աղաչում էին նրան վերադառնալ քաղաքականություն, զբաղեցնել իրեն հասանելիք գահը:

«Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանը ասել էր նաև, թե մենք բոլորս «չար ենք ու նախանձ», քանի որ այդքան էլ չենք հավատում Ծառուկյանին խնդրելու գնացած մարդկանց անկեղծ ու ազնիվ պոռթկմանը:

Միգուցե մենք ենք ծերացել կամ ժամանակներն են շատ արագ փոխվում, բայց ակնհայտ է, որ մեր իրականության մեջ էլ է եկել «թրամփերի ժամանակը»: Ծառուկյան-Թրամփ. առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող անուններ: Միգո՞ւցե մեր հայաստանյան քաղաքական դաշտին և քաղաքացուն իսկապես հարկավոր են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալ Թրամփի նման կիսակատակերգական կերպարներ, միգո՞ւցե մեր հայրենակիցներն էլ են հոգնել միապաղաղությունից:

Իսկ Ծառուկյան Գագիկի ինչի՞ն է պետք պատգամավորի մանդատը... Պատասխանը կրկին անգամ տվել է տիկին Զոհրաբյանը՝ Ծառուկյանին ասոցացնելով ոչ թե Թրամփի, այլ սուպերմենի հետ. «Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»։

Ակնհայտ պատասխան, որին չեն հավատում միայն «չար» մարդիկ...

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am