Yelaket.am-ը գրում է.

«Ջերմուկ Գրուպն» ու սեփականատեր Աշոտ Արսենյանն ամբողջ ուժով պատրաստվում են 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից հայտնի դարձավ, որ Ջերմուկում պատգամավորին պատկանող ընկերությունը որոշել է բոլոր ջերմուկցիներին «անակնկալ» մատուցել:

Ինչպես տեղեկանում ենք ջերմուկցի, համատեղությամբ «Ջերմուկ Գրուպի» մոլի երկրպագու Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից. «Հանքային և բնական ջրերի արտադրությամբ զբաղվող` «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը, ջերմուկցիների համար անակնկալ է պատրաստել:

Ընկերության աշխատակիցները, մեքենաներով` բակից բակ անցնելով, քաղաքի բնակիչներին ԱՆՎՃԱՐ տրամադրում են ընկերության արտադրանքներից:
Սպասե՛ք նրանց ձեր բակերում»:

Կրկին անգամ ստորացվում է ՀՀ քաղաքացու արժանապատվությունը: Պարոն Արսենյանը որոշել է շատ չծախսվել ու մարդկանց դեպի իրեն գրավել ընդամենը հանքային ջուր բաժանելով:

Բացի այդ, հենց Ջերմուկ Գրուպի ներսում շարունակվում են փոփոխությունները: Ուրիշից խլված գործարանն էլ ավելի է բարգավաճում ու ընդլայնվում: Փոխվել է անգամ նրանց տարբերանշանը: Աշոտ Արսենյանը հավանաբար որոշել այլ կերպով ներկայանալ իր ընտրողներին:
Ընդամենը 1 ամսվա ընթացքում Նախագահի ու վարչապետի այցելությունները դեպի մարզ ու գործարան, լայնամաշտաբ վերազինում ու «նվերների» բաժանում. սա բնականաբար խոսում է նրա ապագա պլանների մասին: Ինչպես նշեցինք, նոր գործարանի բացման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում։

Այո՛, պարոն Արսենյանի գործերն իսկապես լավ են: