«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վերջինս ԱԻՆ տեղափոխվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Ավելի խորքային վերլուծությունները, թե Տոնոյանի նշանակումն ինչպիսի շրջադարձեր կբերի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, թողնում ենք մասնագետներին: Մեզ ավելի պարզ հարց է հետաքրքրում, օրինակ` ո՞վ է Տոնոյանին ԱԻ նախարար նշանակելու գաղափարի հեղինակը: Եթե վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջությամբ կատարում է իր գործառույթներն, ապա պետք է որ Տոնոյանի թեկնածությունը նա առաջարկած լինի, քանի որ սահմանադրությամբ նախարար նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Թվում է, սակայն, որ Կարեն Կարապետյանի կապը սույն նշանակման հետ սկսվում եւ ավարտվում է նախարարության աշխատակազմին ներկայացնելու արարողությամբ:

Եթե Կարեն Կարապետյանին ԱԻ նախարար առաջարկելու հնարավորություն տրվեր, դժվար թե նրա մտահորիզոնում Դավիթ Տոնոյանը հայտնվեր: Ավելի հավանական է, որ նրա ընտրությունը կկանգներ տեխնոկրատների իր շրջապատից եւս մեկի վրա, կամ գուցե իր հետ ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մեջ գտնվեր որեւէ արժանավոր:

Կարապետյանն անցյալ տարեվերջին ասուլիսներից մեկում խոսում էր Սերժ Սարգսյանի հետ իրենց աշխատանքի կառուցման եւ իր ունեցած ազատության որոշակի աստիճանի մասին: Որքան ժամանակն անցնում է, այնքան վարչապետի ազատություններն ավելի ու ավելի են սահմանափակվում եւ որոշումներ կայացնելու նրա շրջանակը գնալով սեղմվում է:

Ստացվում է, Սերժ Սարգսյանի հետ աշխատանքի կազմակերպման արդյունքում Կարեն Կարապետյանը չի կարող նախարար առաջարկել, չի կարող նույնիսկ վարչության պետին ուզած հանձնարարականը տալ: Չի կարող նաեւ տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարել: Այդ դեպքում` ինչ է կարող նա, ինչ ֆունկցիա է դրվել նրա վրա:

Կարեն Կարապետյանի վերջին գործողություններին հետեւելով կարելի է վստահաբար պնդել, որ նա կարող է ներդրումներ բերել Հայաստան: Այստեղ վարչապետին անսահմանափակ ազատություն է տրված: Մի խոսքով, վարչապետից ակնկալիքը մեկն է` ներդրումային բում, իսկ մնացած բոլոր հարցերը Սերժ Սարգսյանն անձամբ կկարգավորի:

Ամբողջ խնդիրը, սակայն այն է, որ Կարեն Կարապետյանը բավական ցավագին է տանում, երբ իրեն զրկում են որոշումներ կայացնելու իր օրինական իրավունքից: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից նա հեռացավ, քանի որ չուներ գործելու եւ որոշումներ կայացնելու ազատություն: Ասում են, վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ հատուկ հավաստիացել է, որ այս անգամ որոշակի ազատություններ է ունենալու, այսինքն՝ քաղաքապետ եղած ժամանակվա պատմությունը չի կրկնվելու:

Չի բացառվում, որ 2017-ի ընտրություններից հետո այդ շրջանակն այնքան սեղմվի, որ Կարեն Կարապետյանի ինքնասիրությունը թույլ չտա նրան շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում