ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն (Պիվի Հակոբ) այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով իր առաջադրման մասին, նշեց, որ ինքն անպայման առաջադրվելու է ՀՀԿ -ի ռեյտինգային ցուցակով, քանի որ վստահ է, որ Տավուշի մարզում ինքը մեծ ռեյտինգ ունի. «Արդեն տաս տարի է՝ ես Տավուշի մարզում եմ, հարցրեք բոլոր տավուշցիներին, ինձ բոլորը գիտեն և դրա համար էլ անպայման առաջադրվելու եմ»:

Պատգամավորը չզլացավ և լրագրողներին թվեց, իր բնորոշմամբ՝ այն բարեգործությունները, որոնք տարիների ընթացքքում ինքն իրականացրել է Տավուշի մարզում.«Ես տարիներ շարունակ վճարում եմ Տավուշի մարզի շատ ուսանողների վճարները, գումարներ եմ տալիս մանկապարտեզներին, հովանավորում եմ մշակույթի տներ, ունեմ գրասենյակներ Դիլիջանում և այլ քաղաքներում»:

Պատգամավորը, խոսելով ՀՀԿ-ի վարկանիշի մասին, ասաց. «Շուտով՝ ապրիլի 2-ին, կկայանան խորհրդարանական ընտրություններ և բոլորս կտեսնենք վստահության պակաս կա, թե ոչ, ինձ չի անհանգստացնում ձեր ասածը, քանի որ նման բան չեմ տեսնում»:

Վերջում պատգամավորը լրագրողներին հորդորեց բարի աչքով նայել գործարարներին, քանի որ երկիրը պահողն ու հարկ տվողը հենց գործարարներն են: