«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարց Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ մեր Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարան է մտնում շենքի լիազորը եւ դիմում մորս, փորձում ստորագրություն վերցնել եւ քարոզ անել Բեգլարյան Հակոբի օգտին։ Նշեմ, որ լիազորի մոտ է լինում շենքի բնակիչների ցուցակները՝ անձնագրի տվյալներով։ Խոսակցության ընթացքում պարզվում է, որ շենքերի լիազորներին հրավիրել են ժեկեր (բշտ) եւ ցուցակներ բաժանել, ուղարկել բնակիչների մոտ։

Հիմա հարց Սերժ Սարգսյանին, սա՞ է այն հերթական անթերի, օրինական ընտրությունները, որի մասին դուք խոսում եք էկրաններից։ Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց կանչել ԲՇՏ-ը, ի՞նչ իրավունք ունեն անձնագրային տվյալներ տալ եւ ի՞նչ իրավունք ունեն քարոզարշավը չսկսված քարոզչություն անել։

Հ.Գ. Այսօր նաեւ ահազանգ ստացա, որ նույն գործով է զբաղված Թումանյան 38 հասցեում գտնվող Բեգլարյաններին պատկանող շենքի կեսում տեղակայված գրասենյակը, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ՀՀԿ շտաբի։ Այս պարագայում մարդկանց նաեւ 20.000 դրամի խոստում է տրվում»։