Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: 19-ամյա տղային գտել են ծառից կախված վիճակում: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղապետ Ժիրայր Հակոբյանն ասաց, որ իրենք ցնցված են կատարվածից: Թե ինչը կարող էր տղային դրդել այդ քայլին, հայտնի չէ, իրավապահները աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ:

Գյուղապետն ասաց, որ ինքնասպանություն գործած Նարեկ Գևորգյանը համեստ, խելոք տղա էր, ուներ երկու եղբայր և մեկ քույր, քույրն ամուսնացած էր. «Գիշերն է եղել դեպքը: Իրենց ընտանիքն էլ շատ լավ ընտանիք է, նորմալ, հրաշալի ընտանիք էին, իրենք էլ խելոք, շնորհքով տղաներ էին: Նարեկն էլ սովորում էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսում: Չենք պատկերացնում՝ ինչը կարող էր պատճառ լինել»:

Հակոբյանի փոխանցմամբ՝ ընտանիքն ապրում էր սովորական պայմաններում, գյուղական նիստուկացով. «ֆինանսական խնդիրներ, որպես այդպիսին, չունեին: Նորմալ ապրում էին: Հողոգործությամբ, անասնապահությամբ էին զբաղվում: Չգիտենք՝ ինչ խնդիրներ կարող էր ունեցած լինել: Իրավապահները պարզում են»: