«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների և անհատների համար: Պարզ է, թե ինչու: Ստիպված ես դրսևորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողություն ունենաս: Բայց այս ընտրական փուլն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցություների համար: Առանձին նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել: «Պապաներին» դա առանձնապես պետք չի` թերևս «լայն դաշինքի» կամ «հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար: Բայց, առանց նման ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց պատգամավորական մանդատների, պարզվում է` ոչ: Հետևաբար, դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին:

«Ծառուկյան» դաշինքը, որն առայժմ այդպես էլ չի ձևավորվել, դասական օրինակ է: Պարզ է, որ այստեղ ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների մի մասը համարում է հրաշագործ և փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի համար, անկախ նրանից՝ այն կոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազգի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինեն վերակազմված և չվերակազմված հնչակները, նորացված ՀՀՇ-ն և մի շարք այլ մանր կուսակցություններ: Ծառուկյանի համար այդ կուսակցությունները «շալակելը» պարզապես բալաստ է, ավելորդ ծախս, որը վճարվում է «լայն կոնսոլիդացիա» բառակապակցության համար: Համաձայնեք՝ այդ մանր կուսակցությունների կարգավիճակին չես նախանձի՝ հերթ կանգնել «կանյաչնու» ընդունարանում և սոված աչքերով նայել Ծառուկյանի քարտուղարուհուն՝ այն հույսով, որ «թագավորն» իրենց կընդունի և գուցե «կուսակցության ղեկավարի» կարգավիճակին համապատասխան տեղ առաջարկի «դաշինքային» ցուցակում:

Բայց եթե Ծառուկյանի համար միևնույն է՝ ԲՀԿ կլինի, թե՞ դաշինք, քանի որ ձայն տալու են անձամբ իրեն, «Օհանյան-Օսկանյան» դաշինքի համար մանր կուսակցությունների բալաստ հավաքելը կարող է պարզապես վնասակար լինել: Նախ՝ այն պատճառով, որ «Համախմբումը» դեռևս կայացած կուսակցություն չէ, ավելի շուտ՝ ակումբ է, որտեղ կան խելացի մարդիկ: Երկրորդ՝ այդ կուսակցությունը Ծառուկյանի միջոցները չունի: Ուզում եք օգտագործել Սեյրան Օհանյանի հանգամա՞նքը` նորմալ է (չնայած մարդիկ պետական չինովնիկից ընդդիմադիր դառնալու համար, կարծում եմ, պետք է որոշակի «կարանտին» անցնեն): Մնացածներին ո՞ւր եք քարշ տալիս: Դարձյալ «լայն կոնսոլիդացիայի» խաթե՞ր:

Պարզ չէ, թե ինչու է ՀԱԿ-ը, որտեղ նույնպես խելացի մարդկանց պակաս չկա, ստեղծում դաշինք: Եթե ցանկանում են Ստեփան Դեմիրճյանին և գուցե Գրիգոր Հարությունյանին ընդգրկել իրենց ցուցակի մեջ, ի՞ նչ խնդիր կա: Բայց դաշինքը ո՞րն է: Դա էլ, երևի, «նեղ կոնսոլիդացիա» է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում