«Սասնա ծռեր» խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ այսօր` փետրվարի 10-ին, հարազատները հանձնուք են տարել վերջինիս, սակայն հիմնարկի աշխատակիցները սնունդն իբր չեն ընդունել` պատճառաբանելով, թե Ա. Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ: Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Ա. Սարգսյանն երեկ` ժամը 13:00-ի սահմաներում, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից, հացադուլի դիմում է ներկայացրել, եւ նրա` իր կողմից հանձնուքից գրավոր կերպով հրաժարվելը պայմանավորված է իր` հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով»,- հայտնել են ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է: