«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարելու է Արթուր Բաղդասարյանը: Այս մասին նախքան համագումարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանը` նշելով, որ դաշինքների չեն գնում նաև այն պատճառով, որ ՀՎԿ-ն ինքը, ըստ էության, կուսակցությունների դաշինք է:

«Ավելի քան 200 կուսակցություններ, հասարակական կազմակերպություն և անհատներ միավորվել են և ստեղծել «Հայկական վերածնունդը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Սակայն հայտնի է, որ ՀՎԿ-ն լքում են «Միավորված հայերը», «Հայկանդուխտը», ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավարը: Հովհաննես Մարգարյանն այս առնչությամբ խոսեց չարությունից ու նախանձից:

«Չէին կարող մեզ բոլորիս հայտնի չարությունից, նախանձից կուրացածները ձեռքները ծալած նստեին, պետք է փորձեն, չէ՞, իրենց պատվերները հասցնեն, իրենց սուր և բութ գործիքների օգնությամբ ցեխ նետել: Մենք նրանց արհամարհում ենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանն ու ավելացրեց. «Մենք հպարտ ենք, մենք շիտակ ենք մեր հասարակության հետ»:

Սա, ըստ նրա, փոխադարձ է, քանի որ «Մարդիկ հավատում, վստահում, զորակցում և հույսեր են կապում մեզ հետ և դրա վառ ապացույցն է, որ «Հայկական վերածնունդը» 1-1։5 տարեկան լինելով` 2016 թվականին ամռանը մասնակցեց ՏԻՄ ընտրություններին և բավականին խոստումնալից արդյունքներ արձանագրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը՝ չհամաձայնելով կարծիքի հետ, թե այլ կուսակցությունների մոտ կամ հասարակության ներսում իրենց հանդեպ անվստահություն կա:

Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ երիտասարդների շարժիչ ուժը պետք է լինի անմնացորդ նվիրումն իրենց գաղափարներին: Նա ասում է երիտասարդներին, որ կուսակցություններ փոխելը լավ բան չէ: Իր ձևակերպմամբ` այստեղ, այնտեղ և այլուր լինելը:

«Բազմակուսակցական անցյալը որևէ մեկին պատիվ չի բերում, այդ թվում նաև երիտասարդ քաղաքական գործիչներին»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: