Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում հայր եւ որդի Ալամյանների ինքնասպանությունը ցնցել է բոլորին, ոչ ոք նրանցից նման բան չէր սպասում:

Մահացած որդու՝ Դերենիկ Ալամյան մայրը՝ Վերուշկա Ալամյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ որդին առողջական խնդիրներ չի ունեցել: Մոր խոսքով, որդու նման քայլի պատճառը հնարավոր է, հոր կորստի վիշտը լինի:

«Մենք որդուս հետ նստել զրուցել ենք, որոշել ենք՝ ինչ ենք անելու հոր հուղարկավորության արաողություններին, հետո ինքը թախտին պառկել է, կինն էլ հետը, իր մոտ ոչ մի արտառոց բան չի եղել: Քնած էր, հետո դուրս եկավ, երեւի երբ գնացել է անասուններին խոտ տալու, հիշել է հոր գործողությունները, ինքը այդ քայլին է դիմել»,-պատմեց մայրը:

Դերենիկի կնոջ՝ Աստղիկ Ալամյանի խոսքով, անասնագոմը, որտեղ կախված գտել են ամուսնու հորը, Դերենիկը մի քանի անգամ մտել է անասուններին կերակրելու, սակայն որեւէ տարօրինակ պահվածք ամունու վարքագծում չեն նկատել. «Էդ նույն տեղը, որտեղ իրան փորձանք է բերել, ինքը մի քանի անգամ գիշերը գնացել-եկել է, անասուններին խոտ է տվել: Եթե ինքը նման միտք ունենար, էդ ժամանակ կաներ»:

Աստղիկի հայրն էլ իր հերթին նշեց, որ Դերենիկը հոր մահվան օրը հոգեպես վատ վիճակում է եղել: Ինքը հանգստացրել է փեսային եւ գնացել տուն. «Մինչեւ գիշերը ժամը 2-ն իր հետ եմ եղել, ձեռքը զարկում էր սեղանիր, թե՝ աներ, թող հանգստանամ, հետո մի քիչ հանգստացավ, ես գնացի ու առավոտ իմացա, դեպքի մասին: Եթե իմանայի ինքը նման քայլի պիտի գնա, ես հաստատ ձեռքը բռնած ման կգայի»:

Նշենք, որ Ալամյանների ընտանիքն ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում: Դերենիկի եղբայրը՝ Տարոնը, վերադարձել է արտագնա աշխատանքից, երբ իմացել է հոր մահվան մասին: Հասնելով Հայաստան, նոր իմացել է, եղբոր ինքնասպանության մասին: Տարոնի խոսքով, Դերենիկը երբեք խնդիրներ չի ունեցել, աշխատել է ՌԴ Ադլեր քաղաքում որպես արհեստավոր: Դերենիկը ամուսնացած էր, խմամքին ուներ 10 եւ 9 տարեկան երեխաներ: Հոր՝ Մեսրոպի հետ կատարվածի մասին էլ հարազատները կցկտուր են խոսում, նշում են, որ երկար տարիներ հիվանդ է եղել:

Հարեւանները նույնպես խուսափում են որեւէ բան խոսել, այս ընտանիքում կատարված առեղծվածային դեպքի մասին:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում փետրվարի 8-ին Արագածի բաժնի ոստիկանները հայտնաբերել են 60-ամյա Մեսրոպ Ալամյանի դին, որին կախված են գտել իր տան անասնագոմին կից խորդանոցում՝ հակի թելով: Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, անասնագոմին կից նույն խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են Մեսրոպ Ալամյանի որդու՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանի դին: