Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցուցակը կազմելիս 2 հիմնական մոտեցում է ցուցաբերում ՝ համամասնական ցուցակը մաքսիմալ ֆիլտրել օդիոզ ֆիգուրներից, իսկ ռեյտինգայինում թույլ տալ մասնակցել նրանց, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն մասնակցելու, և այդ ձայներն աշխատեցնել հօգուտ ՀՀԿ-ի։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Միակ դրական բանն այն է, որ ռեյտինգայինում հայտնված անձանցից ոչ բոլորը կհայտնվեն խորհրդարանում. մրցակցելով միմյանց հետ, այդ թեկնածուների ընդամենը 20-25 տոկոսը կհայտնվի ԱԺ-ում։ Եթե նախկինում իրենց անցողիկ տեղն ունենում էին համամասնական ցուցակում՝ լինելով փողի տոպրակներ կամ տեղական հեղինակություններ, ապա այս պարագայում նրանցից շատերը համամասնական ցուցակում չեն լինի»,- մանրամասնեց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշինքների շուրջ խմորումներին՝ Վիգեն Հակոբյանն ասաց, որ ձևավորման սկզբնական փուլում թերահավատորեն է մոտեցել դաշինքներին՝ ելնելով ներգրավված անձանցից և նրանց անցած ճանապարհից, քաղաքական իրադրությունից։

«Ամենաբարդ խնդիրներից մեկը միշտ լինում է տեղերի բաշխումը, երբ տարբեր կուսակցություններից կազմված դաշինքներ են լինում, երբևէ իրար հետ ճանապարհ չանցած քաղաքական ուժերի միջև, ինչպես հիմա ասվում է՝ սիտուացիոն, իրավիճակային դաշինքներ, որոնց միակ նպատակը խորհրդարան մտնելն է, ոչ թե հետագայում քաղաքական, գաղափարական ծրագիր իրականացնելը»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքին՝ Վիգեն Հակոբյանն ասաց, որ հիմա դաշինքը ոչ թե Օհանյանի շուրջ է ձևավորվում, այլ Վարդան Օսկանյանի։

«Իհարկե, այս ապահարզանի գործընթացն աղմկահարույց էր, բայց սպասվող»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝տեսանյութում ։