Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն: Այս մասին հայտնեցին Ալավերդիի քաղաքապետարանից:

Նրանց փոխանցմամբ, քաղաքապետարանը նաեւ որոշում է կայացրել ժամանակավորապես փակել մանկապարտեզը, մինչեւ կլուծվեն կադրային հարցերը:

Նշենք, որ մանկապարտեզը մեկ խմբանոց է, ունի միայն մեկ դաստիարակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտը դուրս էր եկել մանկապարտեզի տարածքից։ Մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Փոքրիկը 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը: