ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 15–ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների առկայության հարցին։ Ուսանողներից մեկը հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Եթե անկեղծ՝ չգիտեմ»։

Լրագրողի ճշտող հարցին, թե Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալներ չե՞ն, վարչապետը պատասխանել է.

«Ես ձեր կարծիքը լսեցի, իմ պատասխանը հետեւյալն է. տեսեք, եթե մենք ուզում ենք ունենալ կանոնավոր պետություն, յուրաքանչյուր մարդու նկատմամբ, անկախ մեր ներքին սիմպատիաներից, բոլոր այդ մարդկանց նկատմամբ ունենք եւ հարգանք, եւ դրական վերաբերմունք այն մասնակցության համար, որոնք նրանք ունեցել են մեր անկախության, անվտանգության հարցերում, բայց պետությունը ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ մեկը չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ–մեկ մեկնաբանել, մեկ–մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել, դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք ռեգուլյար էմոցիոնալ փորձենք այդ օրենքները մեկնաբանել, մենք լավ բանի չենք հասնի»։