ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նոր պատժամիջոցներ մշակել Իրանի դեմ, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ստանա։
«Իմ վարչակազմն արդեն նոր պատժամիջոցներ է ներմուծել Իրանի դեմ, և ես կանեմ ավելին, որպեսզի կանխվի Իրանի կողմից որևէ միջուկային զենքի մշակումը»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Թրամփը փաստորեն ավելի խիստ ու կտրուկ է լինելու Իրանի հետ հարաբերություններում, քան իր նախորդ Բարաք Օբաման։ «Բազե» Թրամփն իր հակաիրանականությամբ ավելի շատ նմանվում է Ջորջ Բուշ–կրտսերին ու նեոպահպանողականների ծայրահեղ թևին։
The Wall Street Journal–ի տվյալներով, ԱՄՆ-ը ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ։ Դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։ Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։ Ինչպես հաստատում է WSJ-ն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն լինի միության մասնակիցներ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է դաշինքին տրամադրել զենք և հետախուզական տեղեկատվություն։ Թել-Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով։
Իսրայելի համար շատ ձեռնտու է Թրամփի կտրուկ վերաբերմունքը Իրանի նկատմամբ ու հակաիրանական կոալիցիայի ձևավորումը բխում է Թել–Ավիվի շահերից։
Չմոռանանք, որ վերոնշյալ արաբական երկրների մեծ մասում'հատկապես Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներն ու փաստորեն Թրամփն Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ» է ձևավորում։
Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես, Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:
Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:
Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված: