Շարմազանովը պնդում է, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի վերջնական տեսքն ավելացրել է ՀՀԿ–ից նեղացածների ու ՀՀԿ ղեկավարության գործելաոճից դժգոհների թիվը: Որոշ մարդիկ, որոնց հետ ՀՀԿ–ն պայմանավորվել էր, առաջարկել էր առաջադրվել, վերջին պահին պետք չեկան ՀՀԿ–ին: Օրինակ՝ «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ–ն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանին Գերմանիայից էր հրավիրել առաջադրվելու, սակայն վերջին պահին նա դուրս մնաց ցուցակից: Նախկին ՀՀԿ–ական Խաչիկ Մանուկյանը ՀՀԿ խորհրդի նիստի օրը ևս համոզված էր, որ առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգայինով, սական վերջում դուրս մնաց ցուցակից ու գնաց «Ծառուկյան դաշինք»: Կենտրոնից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ևս ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց, որ ՀՀԿ–ն իրեն առաջարկ է արել և ինքն առաջադրվելու է, սակայն նրա անունը ևս չկա ՀՀԿ ցուցակում:

Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ–ականներ, որոնց հետ ՀՀԿ–ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ–ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ–ից նոր նեղացածներ ավելացնում:

– Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են իրենց նախաձեռնությամբ, դա իրենց խնդիրն է, բոլորին բարի ճանապարհ եմ մաղթում և հաջողություն: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Միայն ՀՀԿ–ից չեն հեռանում, քաղաքական պրոցեսը կենդանի գործընթաց է, և առաջին անգամ չի, որ այս կամ այն քաղաքական գործիչը ընտրությունից ընտրություն փոխում է իր կուսակցական պատկանելությունը կամ ցուցակում իր տեղակայման վայրը: Նայած՝ ում համար ինչն է առաջնային: Մարդ կա, ում համար առաջնային է սկզբունքը, մյուսի համար առաջնային է մանդատ ունենալը, մեկ ուրիշի համար առաջնային է կուսակցությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ, որևէ նեղացվածություն չկա, ՀՀԿ–ում արշալույսները խաղաղ են, ավելի միասնական ենք:

– Ի վերջո՝ չե՞ք կարծում, որ էստեղ թիմի հետ աշխատանքի խնդիր է:

– Չեմ կարծում, ցուցակը գրվում է բազմաթիվ թեկնածուների հետ հանդիպման ու քննարկումների արդյունքում ու որոշում է կայացվում: Իսկ կազմակերպչական բարձր մակարդակը կերևա ապրիլի 2–ի ընտրություններից հետո, երբ որ կտեսնեք ԿԸՀ արդյունքները:

– Սակայն, մյուս կողմից, ՀՀԿ ցուցակում էլի նույն ու վստահություն չներշնչող դեմքերն են:

– Կխնդրեի որակումներ չտալ: ՀՀԿ ցուցակը ամենամրցունակն է, ամենահավակնոտն է ու ամենա հաջողություն բերողն է:

– Ասել է թե՝ ՀՀԿ–ի հույսն էլի Առաքել Մովսիսյանն է, Սեյրան Սարոյանն է, Միհրան Պողոսյանն է:

– Նախ՝ Առաքել Մովսիսյանը Արցախի հերոսներից է և առաջադրվել է ռեյտինգայինով, Արմավիրի բնակչությունը կորոշի՝ ընտրել, թե չընտրել: Դա բացառապես ժողովրդի խնդիրն է: Առաջինը` մենք հույսներս դրել ենք մեր կուսակցության, ժողովրդի իմաստության և Աստծո վրա:

– Իսկ ինչո՞ւ պիտի հասարակությունը ձայն տա ՀՀԿ–ին, երբ տեսել է այդ նույն ցուցակի մարդկանց գործունեությունը և իր կաշվի վրա զգում է նրանց գործունեության արդյունքը:

– Քարոզարշավը երբ սկսվի, մենք օրենքով սահմանված կարգով հասարակությանը կներկայացնենք, թե ինչու պետք է ընտրի ՀՀԿ–ին: Եվ, ի տարբերություն այլ ուժերի, որոնց քարոզարշավի հիմքում ընկած է՝ ինչու չպետք է ընտրել այս կամ այն ուժին, ՀՀԿ–ն չի ասելու՝ ինչու չպետք է ընտրել Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին: ՀՀԿ–ն ապացուցելու է, որ էսօր ամենամտածված ու իմաստուն ընտրությունը ՀՀԿ–ին ընտրելն է: Հանրությունը համաձայն կլինի, չի լինի, ընտրությունը ցույց կտա: Մենք չենք ապրում բռնապետական միակուսակցական համակարգում, որտեղ բոլորը պետք է այս կամ այն կուսակցությանը ձայն տան: Սա ազատ մրցակցություն է:

– Թիմի որոշ անդամների փոխարեն ՀՀԿ ռեյտինգային ցուցակում են «գազավիկները»: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ–ն թեև Կարեն Կարապետյանի նախարարներին չներգրավեց ցուցակում, «գազավիկներին» ներգրավելով ռևերանսներ է անում վարչապետի առաջ:

– ՀՀԿ–ն որևէ մեկի առաջ ռևերանսներ չի անում: Արհեստական ջրբաժաններ մի մտցրեք ՀՀԿ–ի և մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալի միջև: Մենք բոլորս մի թիմ ենք, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, իսկ ինչ վերաբերում է գազավիկներին, սպորտսմեններին, դասախոսներին, քաղաքագետներին ու լրագրողներին, ապա հասարակական բոլոր շերտերից ՀՀԿ–ն ունի թեկնածուներ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: