Yelaket.am-ը գրում է.

Բանան, թե՞ հեռախոս. ու չմոռանաս բարձով քնել...

Անուղղելի. հենց այսպես կարելի է բնորոշել Հայաստանում իշխող կուսակցության շուրջ հավաքված անձանց գործողությունները, որոնք այլևս ակտիվ ստադիայի փուլ են թևակոխել՝ նախըտնրական թոհուբոհին ընդառաջ: Դե ինչ, ունենք այն, ինչ ունենք՝ իշխանատաենչ բախտածախնդիրներ ու անտարբեր հասարակություն, որը կրկին պատրաստ է լոկ միանվագ իրերի ու փողի դիմաց մասնակիցը դառնալ հերթական ընտրակեղծարարության, վերջում էլ ասել՝ մեկա բան չի փոխվելու: Այո՛, մեկա բան չի փոխվի, քանի որ ԴԱՀԿ նախկին պետի, բանանի շուկայի ահ ու սարսափի ու Ալիևի կողքին՝ Պանամայի աղմկահարույց փաստաթղթերում հայտնված, «Բանանի» գեներալ Միհրան Պողոսյանը քարոզարշավ է իրականցնում, մշակելով ընտրակեղծիքի նոր՝ խելահեղ մեթոդներ, որոնցից ամենաուշագրավը, ըստ բակային խոսակցությունների՝ պատրաստվում է նվիրատվությունների ու թանկարժեք իրերի միջոցով գայթակղել ու զոմբիացնել քաղաքացիներին:

Այս առնչությամբ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաև համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր և թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու: Միհրան Պողոսյանը պայքարելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս և պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Մ. Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն: Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:

Բացառելու կարիք չկա նմանօրինակ սցենարը, ձևավորված թաղային մակարդակի կուսակցական ավադույթից դժվար ՀՀԿ-ն հենց այնպես հրաժարվեր, առավել ևս կոռուպցիոն սկանդալների, բազմաթիվ քաղաքացիների կյանքն ու կենցաղը կործանած, էքզոտիկ մրգերի ներկրողների պատուհաս ու ահ ու սարսափ դարձած գեներալը, որ ԴԱՀԿ-ն վերածել էր մանկական իրերի ու արդուկների աճուրդի, հիմա նա պատրաստվում է սողոսկել խորհրդարան: Հավատացե՛ք սարսափելի չի երկրի նախագահը. ահավոր են նրան շրջապատող այդ բաշիբոզուկները, կեղծ բարեգործները, որոնց կյանքի ամենածանրագույն հանցագործությունը մի պարզ ճշմարտություն ուրանալն է՝ վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու: