Վերահսկիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի հավանական թեկնածուի անունն արդեն հայտնի է:Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողով:

Ուրբաթ կմեկնարկի խմբակցությունների հետ թեկնածուի հանդիպումների շարքը:

Հիշեցնենք, որ Լեւոն Յոլյանը վեց տարի զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, որից հետո ստանձնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը` մինչեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումը: Յոլյանը շախմատի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը մեկ ամիս առաջ ՎՊ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին միանալու հիմնավորմամբ. նա Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է:

Ավելի վաղ ՀՀԿ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 27-ի ԱԺ նիստում ամենայն հավանականությամբ կքննարկվի ՎՊ նախագահի թեկնածության հարցը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am