Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Դատարանը որոշել է Մարգարյանին կալանքից ազատել 1,5 մլն դրամի չափով գրավի դիմաց:

Նշենք, որ Գայանե Մարգարյանը կալանավորվել էր 2014թ. նոյեմբերից: Գործը դատարան է ուղարկվել 2015թ.-ի աշնանը, մինչեւ հիմա դատաքննություն է ընթանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Փառանձեմ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Արաքս Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Գայանե Մարգարյանը կալանավորված էր, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: