Վրաստան այցը խոստումնալից էր, առարկայան և ջերմ: Ամենակարևոր հարցերին անդրադարձ է արվել, և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին այսօր Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ամենակարևոր խնդիրներին՝ Վրաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհին, էլեկտրական փոխհոսքերին անդրադարձ արվե՞լ է, վարչապետն ասաց, որ բոլոր նշված հարցերի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել. «Ուզում եմ ասել, որ այցը եղել է շատ առարկայական, կոնստրուկտիվ և ջերմ: Մենք խոսել ենք մեր երկկողմ հարաբերությունների մասին, խոսել ենք նաև խանգարող հանգամանքների մասին»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հայկական կողմից առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլ տարածաշրջանային առումով. «Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան և կքննարկեն մեր առաջարկները»:

Վարչապետը նաև հայտնեց, որ անդրադարձ է արվել վրացահայերի, ջավախահայերի կրթական համակարգին և այլ հարցերի. «Չի եղել որևէ հարց, որ իրար չհասկանալու միտում լինի, այդ պատճառով էլ մենք գոհ ենք: Ամենակարևորը՝ մենք խոսել ենք նաև մեր երկու ազգերի մտերմության և մեր ունեցած այդ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու մասին: Ֆիքսել ենք, որ այստեղ չափազանց շատ բան ունենք անելու: Ապրելով մի երկրում և ունենալով հարաբերություններ՝ մենք վստահ չենք, որ հաջորդ սերունդները կունենան այդ նույն հարաբերութունները, եթե մենք այսօր չաշխատենք: Այդ առումով շատ խոստումնալից այց էր»:

Տեղի լրատվամիջոցների մեկի ներկայացուցչի հարցին, թե 10-20 տարի անց ինչպիսի՞ն կլինի Հայաստանը և ի՞նչ մոդելով, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լինելու է մեր երկրի մոդելով, լինելու է այնպես, որ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, հպարտանալու է Հայաստանով, որովհետև մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է շատ ամբիցիոզ խնդիրներ դնել, հավատալ, օգնել իրար, որպեսզի հնարավոր լինի առաջ գնալ:

Հարցին, թե քանի՞ տոկոսով իրականացված կհամարի վարչապետն իր ծրագրերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինչ ծրագիր դրել եմ կատարելու՝ 100, բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը»: