ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման առաջարկն արել է Մինսկի խումբը, անունը դրել է փոխզիջում, սակայն իրականում առաջարկվում է այս ստատուս քվոյից անցնել մեկ այլ ստատուս քվոյի, մինչդեռ դա պարզապես անհնար է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, փետրվարին լրացավ Արցախյան շարժման 29–ամյակը, ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ ունեցանք այս ընթացքում, եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները:

Բոլոր այն խնդիրները, որ առաջին փուլում դրվել են, լուծում ստացել են: Խնդիր էր դրված ազատագրել Արցախը Ադրբեջանի լծից, սակայն մենք մեծ պրոբլեմներ ունեցանք ամբողջ աշխարհի հետ, ու պետք է շարունակենք հիմա էլ համոզել բոլորին, որ մեր իրավունքները ճանաչեն: Կարծում եմ՝ հիմնական բանաձեւը սա է, եւ ամեն ինչ մտնում է դրա մեջ:

Հիմա, իհարկե, Հայաստանում նույնպես շատ կարծիքներ կան: Օրինակ, ինչու, ի վերջո, Արցախը գնաց անկախության ճանապարհով: Չէ՞որ միացման գաղափարից էր սկսվել: 1988թ. փետրվարի 20-ի որոշումն այս շարժման հիմքն էր, եւ առնվազն մեկ կամ երկու տարի շարունակ այդ ուղղությամբ էր գնում պրոցեսը, որը բերեց նրան, որ 1989թ. դեկտեմբերին արդեն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը Արցախի Ազգային խորհրդի հետ միասին հռչակեց մեկ միասնական պետություն:

Փաստորեն, եղավ ինքնորոշման երկրորդ կարեւորագույն փուլը, եւ պետք է արդեն այս աչքով նայենք, թե հետո ինչպես զարգացան իրադարձությունները: Զարգացումները միանշանակ չէին, եւ 1991թ, երբ Խորհրդային Միությունը արդեն քայքայվում էր, պետք է ընդունվեր որոշում, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպե՞ս շարունակել խնդիրը: Հայաստանում մինչ այդ 1990թ. եղան ընտրություններ, եւ իշխանության եկավ այդ շարժման հիման վրա ստեղծված ՀՀՇ կուսակցությունը, որը որդեգրեց տարբեր քաղաքականություն:

Փաստորեն եկավ մի պահ, երբ եղավ կիսահրաժարում 1988թ. կուրսից։ Ո՞րն է այդ կիսահրաժարումի էությունը: Անկախության հռչակագրում Հայաստանի Հանրապետությունը նշված է այդ դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա, սակայն 1991թ. Անկախության հանրաքվեի եղավ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ Արցախը ստիպված եղավ 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացնել առանձին հանրաքվե անկախության վերաբերյալ եւ հռչակել անկախ պետություն: Ես կարծում եմ, որ այդ որոշումը բնորոշեց հետագա 25 տարվա քաղաքական զարգացումների էությունը՝ այսինքն իսկապես կիսահրաժարում եղավ:

Հայաստանի Հանրապետությունը ստիպված եղավ ընդունել բոլոր փաստաթղթերը եւ ԱՊՀ հռչակագրում ընդունել բոլոր պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի: Դա 1991թ. դեկտեմբերին էր։ Ինչ վերաբերում է Արցախին, այն որեւէ կերպ չնշվեց, ԱՊՀ փաստաթղթերում որեւէ կերպ գոյություն չունի Արցախի խնդիրը: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող էր ճանաչել բոլոր պետությունները, այդ թվում՝ Արցախը: Դրանից հետո սկսվեց պատերազմ: Ադրբեջանը ստանալով ԱՊՀ բոլոր պետությունների կողմից ճանաչում՝ բավականին հեշտ մտավ ԵԱՀԿ, որն այն ժամանակ ԵԱՀԽ էր կոչվում: արդեն երկրորդ միջազգային կառույց: Հայաստանն էլ մտավ։ Սակայն մի բան հաշվի չառնվեց, որ ունենալով անկախ պետության կարգավիճակ, Ադրբեջանը ձեռք բերեց Արցախի դեմ օրինական ուժ կիրառելու իրավունք եւ անմիջապես 1992թ. սկսեց կիրառել այդ ուժը: Ադրբեջանը պարտվեց, կորցրեց եւ՛ Ղարաբաղը, եւ՛ ավելի շատ տարածք:

Դրանից հետո սկսվեց շատ դրամատիկ վիճակ, երբ փաստորեն տարածքը մնաց Ղարաբաղին եւ Հայաստանի պատրոնաժի տակ, բայց իրավունքը մնաց Ադրբեջանին: Եվ այն ինչ կատարվել է, կատարվում է եւ դեռ կատարվելու է, գալիս է այս հիմնական բարդ վիճակից, որովհետեւ այն, ինչ առաջարկել է աշխարհը, ասենք՝ Մինսկի խումբը, դա վերադարձի խնդիր է: Նրանք այս նոր ստեղծված իրավիճակը կոչել են «ստատուս քվո» եւ կարծում են, որ այդ «ստատուս քվոն» անընդունելի է, եւ առաջարկում են վերադարձ դեպի 1991թ. ստատուս քվո, որը նույնպես բավականին բարդ խնդիր է:

Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը: 1991թ. ստատուս քվոն նույնպես գոյություն չունի, որովհետեւ Սովետական Միությունն է վերացել՝ սովետական օրենքը վերացել է 1991թ.: Վերադառնալ գոյություն չունեցող օրենքին՝ ինքնին անհասկանալի բան է: Բայց իրականության մեջ, եթե փորձենք խոր վերլուծել Մինսկի խմբի առաջարկը, դա առաջարկ է վերադառնալ մինչսովետական օրենքին: Դա 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրն է եւ դրանից հետո կնքված Կարսի պայմանագիրը: Նախ՝ դա հնարավոր չէ, երկրորդը՝ որեւէ մեկը չի գնում այդ ուղղությամբ, որովհետեւ աշխարհը փոխվել է։ Հիմա ԵԱՀԿ–ն, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը՝ բոլորը ճգնաժամի մեջ են: Բոլոր այդ ինստիտուտները, որ ստեղծված էին պահպանելու 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարգը, փլուզվում են, ու արդեն իսկ Մերձավոր Արեւելքում 1911-ից հետո մենք տեսնում ենք՝ ինչպես է փլուզվում առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարգը: Արդեն երկու պետություն կամ երեք գոյություն չունեն՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Այսինքն փոփոխությունների դարաշրջան է, եւ արդեն խոսել որեւէ ստատուս քվոյից, որը կայուն է, եւ փորձել վերադառնալ դրան՝ շատ դժվար է:

Հիմա Հայաստանում կան տարբեր տեսակետներ. գտնում են, որ կարելի է իրականացնել Մինսկի խմբի առաջարկը, կան տեսակետներ, որ դա հնարավոր չէ ընդհանրապես, որովհետեւ Ադրբեջանը բացարձակապես չի ընդունում դա: Ադրբեջանը փորձում է ձեւականորեն վերադառնալ 1991թ. ստատուս քվոյին, այսինքն ամբողջ տարածքը վերցնել իրեն: Բնականաբար, որեւէ մեկը դրան համաձայնություն տալ չի կարող եւ ի՞նչ անել՝ որեւէ մեկը չգիտի: Ստատուս քվոն պահելու կողմնակիցները առաջարկում են պահել այն, ինչ կա, հրաժարվողները որեւէ բան չեն առաջարկում, եւ չեն էլ կարող, որովհետեւ ցանկացած առաջարկ որեւէ հիմք չունի, ուղղակի ցանկություն է:

Ի վերջո, այս ամենը պարբերաբար թեժացնում է վիճակը, բոլորը տեսնում են՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվում պատերազմից: Սա է իրավիճակը, որը շատ պարզ է եւ սրա շուրջ պետք է Հայաստանում դիսկուսիա գնա, թե ինչի ենք հասել, փորձել գնահատել՝ ինչ է եղել, ինչ կարող էլ լինել, ինչպես կարելի է փոխել, ինչպես իրավունքները մնացին Ադրբեջանի մոտ: Մինչեւ հիմա Ադրբեջանը մի պարզ քաղաքականություն է տանում՝ գոնե իրավունքը իր ձեռքում պահել, եւ դա հաջողվել է Ադրբեջանին: Մենք էլ մեր իրավունքները հանձնել ենք՝ ունենալով իրականությունը: Մի խնդիր կա՝ պետք է վերականգնես իրավունքներդ: Իրականությունը ունես, իրավունքներն էլ պետք է հետ վերցնես: Ինչպե՞ս դա անել. առնվազն այսօրվա Հայաստանի քաղաքականության մեջ ես չեմ տեսնում այդ գիծը:

Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում իրենց ռազմատենչ հայտարարությունները, եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը խոսում են փոխզիջումների մասին: Արդյոք հայկական կողմի նման պահվածքը չի՞ թուլացնում հայկական կողմի դիրքերը։

Բոլորն են ուզում խաղաղություն, խնդիրն այն է՝ ինչպես հասնել այդ խաղաղությանը, բանաձեւը ո՞րն է: Փոխզիջման առաջարկն արել է Մինսկի խումբը: Անունը դրել է փոխզիջում, սակայն իրականում առաջարկվում է այս ստատուս քվոյից անցնել մեկ այլ ստատուս քվոյի: Կան մարդիկ, որոնք հավատում են, որ այս ստատուս քվոյից կարելի է անցնել առաջարկված ստատուս քվոյին, բայց կան մարդիկ, որոնք դրան չեն հավատում: բայց մեզ մոտ այս դիսկուսիան չկա:

Ի վերջո, Ադրբեջանը ինչո՞ւ պետք է գնա փոփոխության: Կորցրածի համար պայքարող երկիր է, նա ինչո՞ւ պետք է իր իրավունքները որեւէ մեկին զիջի, հանուն ինչի՞: Մոտիվացիա պետք է ունենա երկիրը, որ ինչ-որ քայլերի գնա: Մեզ մոտ մոտիվացիան այն է, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մենք ուզում ենք խաղաղ ապրել, մենք չենք ուզում անընդհատ պատերազմել: Մեր նպատակն այն է, որ մեր ազատագրած երկրում ազատ, խաղաղ ապրենք, դրա համար այս դիսկուսիան կա: Բայց Ադբեջանը նման խնդիր երբեք չի ունեցել եւ չունի: Նրա պետական ավանդույթների մեջ չկա նման ստիմուլ, որ եկեք հասնենք խաղաղության: Նշանակում է՝ Ադրբեջանի համար պետք է ստիմուլ ստեղծել, բայց ինչպե՞ս դա ստեղծել՝ դա է հայկական քաղաքականության առջեւ դրված խնդիրը՝ ինչպե՞ս պարտադրել, ինչպես համոզել, որ ավելի լավ կլինի՝ դուք էլ գնաք խաղաղության, եւ մենք գանք համաձայնության դրա շուրջը:

Նման քաղաքականություն Հայաստանում երբեւէ չի եղել, փոխարենը եղել են մարդիկ, հիմա էլ կան, որ հանձնվելու կողմնակից են: Բայց ո՞րն է այդ հանձնվելու երաշխիքը: Այո, դու կարող ես հանձնվել եւ հույսդ դնել միջազգային հանրության վրա, ինչը շատ վտանգավոր է: Մարդիկ մտածում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Այն, ինչ եղել է հետպատերազմյան քառասուն տարիներին, այդ տրամաբանությամբ են նայում՝ մտածելով, որ աշխարհը չի թողնի, աշխարհի շահերը թույլ չեն տա, գերտերությունները անպայման երաշխիքներ կտան: Դա կարող էր լինել քառասուն տարի առաջ:

Բացի այդ, մեր քաղաքական միտքն ազատ չէ, սինդրոմներ գոյություն ունեն: Մենք Ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, եւ մենք անընդհատ այդ Եղեռնից հետո ստեղծված աշխարհընկալումով ենք նայում աշխարհին: Ուժն է ծնում իրավունք: Մենք թույլ ենք, մենք ռեսուրս չունենք, մենք աշխարհի դեմ չենք կարող կռվել, աշխարհը անարդար է, մեր դեմ է, մենք հովանավոր չունենք: Համոզիչ է, չէ՞, բոլորը դրանից են խոսում: Ասում են՝ եկեք ընդունենք այն, ինչ մեզ առաջարկում են, եթե չընդունենք՝ վաղն ավելի վատն են առաջարկելու: Առաջին հայացքից այնքան համոզիչ մի մոտեցում է, որ ընդհանրապես չընդունել հնարավոր չէ, մանավանդ նրանք, ովքեր ասում են՝ չէ, եկեք չընդունենք, իրենք էլ ունեն այդ աշխարհընկալումը, ընդունում են, որ այդպես է, բայց ասում են՝ եկեք գնանք մեռնենք անիմաստ: «Մահ կամ ազատությունը» նույն աշխարհընկալումից է ծնվել: Սա 1915թ. Եղեռնից հետո հիմնական մեր աշխարհընկալումն է: Եվ այստեղ է այն փակուղին, որտեղ մեր քաղաքական միտքն է մտնում: Սա երբեք չի քննարկվել, եւ մենք փորձում ենք այս նույն հոգեբանության մեջ լուծումներ գտնել: Երբեք լուծում չեք գտնի մինչեւ չմտնեք նորմալ քաղաքական մտածողության մեջ՝ որտեղի՞ց է ծնվում ուժը: Եթե ուժն է ծնում իրավունք, ուժը որտեղի՞ց է ծնվում: Երբ կհասկանանք, որ գիտակցված իրավունքն է ծնում ուժ, կամաց-կամաց կսկսենք մտածել, կսկսենք հասկանալ՝ ինչու է տեղի ունեցել 1915թ ողբերգությունը, ինչու է եղել մեր հաղթանակը 1990-ականներին: Շատերն ասում են դա ի՞նչ հաղթանակ է, դա ԿԳԲ-ն է արել, ԿՀՎ-ն է արել, ուրիշները, մենք չկանք, որովհետեւ այդ ավանդական աշխարհընկալումը երբեք թույլ չի տալիս, որ հայը ասի՝ ես հաջողության եմ հասել:

Արցախի նոր սահմանադրության հանրաքվեն ի՞նչ է տալիս Արցախին եւ արդյոք կար դրա անհրաժեշտությունը:

Այն թերհավատության մթնոլորտը, որը կար Արցախում ինքնին խոսուն է: Եթե ընդունվում է Սահմանադրություն, պետք է այնքան պարզ լինի այդ մթնոլորտը: Ինչո՞ւ Սահմանադրությունը երկու անգամ ընդունվեց Արցախում՝ 2006-ին եւ հիմա: Ինչո՞ւ է ընդունվում հիմա, երբ գործող նախագահները պետք է հեռանան: Դա ինքնին արդեն հարց է: Երբ հարցրեցին Բակո Սահակյանին, թե սա քո ժամկետը երկարացնելու համար է արվում, եւ նա կարող էր հանգիստ ասել՝ ոչ, իմ ժամկետը կլրանա, ըստ սահմանադրության ես կհեռանամ, սահմանադրությունը լրիվ ուրիշ նպատակներ ունի: Իսկ նա ասում է՝ կգա ժամանակը, կխոսենք: Այսինքն մարդն ասում է, որ այո, դա կապված է իմ իշխանության հետ: Սա իհարկե շատ անդուր, վտանգավոր բաներ են, երբ ճանաչման ձգտող երկրում մարդիկ կարող են խնդիրները այդպես դնել: Ինքը՝ հանրաքվեն, միջազգային նշանակություն ունեցող միջոցառում է: Եթե դա լիներ լոկալ մի բան, ոչ ոք չէր էլ նկատի, թե ինչով են զբաղված: Այդ գնահատականները, որոնք, որ շատ հակասական են մեզ համար, որպես փաստ արդեն ցույց են տալիս, որ դա կատակ բան չէ, շատ լուրջ խնդիրներ են: Եվ իզուր չի Ադրբեջանի կողմից բացասական վերաբերմունք ցուցաբերվում: Սակայն մենք կարծես լղոզում ենք այս կարեւորագույն երեւույթը հենց այդ ներքին քաղաքական մոտեցումներով:

Ես կարծում եմ, որ բավականին անպատասխանատու մոտեցում է ցուցաբերել Արցախի գործող վարչակարգը: Չէր կարելի երբեք թույլ տալ, որ նման լղոզված վիճակ ստեղծվի, եւ հանրության զգալի հատվածը դեմ էր: Սահմանադրության հանրաքվեն շատ մեծ բան է նման փոքր երկրում, դա համարյա նույնպիսի փաստաթուղթ է, ինչպիսին եղել է Անկախության հանրաքվեն, Անկախության հռչակագիրը, դրանից առաջ Հանրապետության ստեղծումը: Այդ փաստաթղթերը միաձայն են ընդունվել, որովհետեւ ժողովուրդը գիտեր դրանց նշանակությունը, բայց հիմա երբ զգալի հատվածը ասել է՝ ոչ, սա ցույց է տալիս, որ երկրում թերահավատությունը շատ մեծ է, եւ ես կարծում եմ դրանից գուցե դասեր կքաղեն, եւ նման կարեւոր իրավաքաղաքական միջոցառումների շատ ավելի լուրջ մոտեցում կցուցաբերեն: