Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել «Լուսնի լույս» (Moonlight) ֆիլմը:

Գլխավոր մրցանակի համար նաև պայքարում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ժամանում», «Լա Լա Լենդ», «Ցանկացած գնով», «Առյուծ», «Մանչեսթերը ծովի մոտ» և այլն:

Գլխավոր անվանակարգում ի սկզբանե հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» ֆիլմը: Այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել «Օսկար»-ը ստանալու համար, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին: Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մեկնարկել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի, բաշխման 89-րդ արարողությունը: Միջոցառումը 13-րդ անգամ անցկացվում է հանրահայտ Dolby թատրոնում, որը նախատեսված է 3300 հանդիսականի համար: