ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ մի վատ բան չի տեսնում, որ որդուն՝ Արման Սահակյանին աջակցելու համար հարսը՝ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, օգտագործել է վարչական ռեսուրսները, մարդկանց հրահանգել է հաշվառվել Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ՀՀԿ-ից թեկնածու է առաջադրվել Արման Սահակյանը:

«Ձայնագրության մեջ ոչ մի անծանոթ բան չկա, իսկ զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգել, այլ իրեն են զանգել եւ խնդիրներ առաջադրել, թե որտեղ ընտրեն, ինչ անեն: Այդտեղ ոչ մի խնդիր չկա: Եվ ես չեմ ուզում շարունակել, առավել եւս, եթե ես բանի տեղ դնող լինեի, ով է տարածել այդ խնդիրը, նրան անպայման դատի կտայի»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, աշխատանքի ժամին իր հարսը որեւէ այլ դիտարկում ու քարոզչություն չի արել:

Հարցին, թե Սեդա Հակոբյանն իր աշխատակիցներին ու բարեկամներին չի՞ ստիպում գրանցվել այն թաղամասում, որտեղ իր որդի Արման Սահակյանն է առաջադրված, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ, նախ իմ հարսը եթե ուզենա էլ չի կարող բերել, ո՞ւմ բերի որեւէ տեղ գրանցի: Ասեմ հետեւյալը, որ նախեւառաջ դա օրենքով թույլատրելի է: Եթե ընտրություն է, մարդն ուզում է որեւէ մեկին ընտրել, գալիս գրանցվում է իր բարեկամի տանը, որն օրենքը թույլ է տալիս: Որեւէ մեկը չի պարտադրում, բայց եթե դա չի կարելի, ուրեմն այն պատգամավորները, որոնք խոսում են, օրենքը պիտի փոխեին ու չթողնեին»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ այսօր մեկ մարդը կարող է հինգ տուն ունենալ, որտեղ կուզի կապրի ու այդ տարածքում էլ կքվեարկի: «Որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվեմ, բայց նաեւ չեմ ուզում վիրավորվեմ: Իմ հարսը բավական բարեհոգի աղջիկ է եւ շատ լավ աշխատող, բավական ճանաչում ունի ամբողջ շրջապատի համար: Նույնիսկ եթե ցանկանա էլ մարդ գրանցել, դա, կարծում եմ, իր գործը չի կարող լինել: Եթե մենք մտածենք՝ մարդիկ բերենք, գրանցել տանք, դա ոչ թե մեր հարսին պիտի դնենք, այլ Գալուստ Սահակյանը մարդը կբերի, կգրանցի, բայց ոչ հարսը: Դրա համար այն տեղեկությունները, ովքեր տարածում են, սովորական զազրախոսներ են: Դա ոչ թե իմ հարսին է վերաբերում, այլ ինձ, որովհետեւ մարդիկ մտածել են, որ մի բան գտնեն ասեն, դրանով Գալուստ Սահակյանին կարող են վիրավորել՝ չմտածելով, որ Գալուստ Սահակյանն էն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել, որովհետեւ ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: «Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում»,-գրել է թերթը, որը նաեւ տարածել է Սեդա Հակոբյանի հետ լրագրողի ձայնագրությունը