ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն 2017 թվականի մարտի 1-ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով. «Տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Ա. Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկակա ն փաստաթղթերն ու պահման պայմանները:
Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Ա. Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ։ Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժշկի կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Ա. Սարգսյանի և նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ»։