ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր՝ մարտի 3-ին այցելել են «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տանելու մեղադրանքով կալանավորված «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արթուր Սարգսյանին «Հաց բերող»: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

«Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։ Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին»,‐ գրել է պատգամավորը:

Մեզ դատախազությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դեռ որոշում չկա:

Նշենք, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու վերաբերյալ, որը ստորագրել է 26 պատգամավոր:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում: