Վաղուց արդեն նորություն չէ, որ հայկական շոու բիզնեսն իր պլինտուսի մակարդակին հավասար ներկայացուցիչների և նրանց մատուցած աղբի հետ կործանված մի երևույթ է:

 

Բայց կան այդ կործանված երևույթի կարկառուն դեմքեր, ովքեր շարունակում են իրենց հետ սերունդ կործանել: Խոսքս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, ով չի ալարում և ամեն ամիս մեզ իր հերթական շեդեվրով է «ուրախացնում»:

 

Այսօր Լիլիթն հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը: Ամեն անգամ նրա նոր տեսահոլովակներից հետո քեզ թվում է, որ ավելի սարսափելի և հակաէսթետիկ բան չի կարող լինել, և ամեն անգամ մենք թերագնահատում ենք երգչուհու հնարավորությունները. ավելի զզվելի և վատ կարող է լինել, հարգելիներս, դա կլինի նրա հաջորդ տեսահոլովակը:

 

Հիմա մի քանի կետով անդրադառնամ այս կատաստրոֆային:

 

Սկսենք վերնագրից: Այս երգչուհին չի կարողանում ազատվել Օդնոկլասնիկից ժառանգություն մնացած լատինատառով հայերեն բառեր գրելու սովորությունից: Չեմ էլ կարող նույնիսկ նկարագրել նողկանքի աստիճանը նման երևույթների հանդեպ: Երբ կիրթ ու գրագետ մարդիկ պայքարում են համացանցում հայատառ և հայերեն գրելու համար, ծրագրեր ու հեռախոսների հավելվածներ են մշակում, գրանցում փոքրիկ հաջողություններ այդ բարդ ճանապարհին, հայտնվում է Լիլիթի նման մեկը և լատինատառ հայերենով տեսահոլովակների վերնագրեր մատուցում՝ «Chkites honderd», «Hetdimo» և այլն: Լիլիթ, ազատիր մեզ քեզնից, LAV JAN?

 

Իմաստազուրկ շարժումներ և հետույքի թափահարում

 

Հիշում եք, կար ժամանակ, երբ մեր երգիչ երգչուհիներն իրենց երգերը կատարելիս бревно- ի նման կանգնում էին բեմում ու ճղճղալով կուլ տալիս բարձրախոսը: Այդ ժամանակներում այն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ շարժվում էին ու պար հիշեցնող մի քանի շարժում անում, սկսեցին համարվել լավ պլաստիկա ունեցող «պարի վարպետներ»: Այդ քչերի թվին էր պատկանում Լիլիթը, ով կարողանում էր իր տեսահոլովակներում «պարել»: Բայց գնալով նրա պարը դարձավ ընդամենը իմաստազուրկ շարժումների համախումբ և հետույքի ակտիվ թափահարման գործընթաց:

 

Լիլիթ ջան, մի մոռացիր, որ քո մարմնի այդ հատվածում դու շաաատ մեծ «գաղտնիք» ես թաքցնում և ակտիվ շարժումները կարող են վատ հետևանքներ ունենալ:

3-րդ կետով ուզում եմ ընդհանրացնել և անդրադառնալ այս տեսահոլովակ կոչված թյուրիմացության սյուժեին: Երևի փորձել են Վերկա Սերդյուչկայի մոռացված կերպարը վերակենդանացնել և ինչ-որ գրոտեսկային բան ստանալ, ծաղրել մեր հասարակության մեջ առկա արատավոր երևույթները, բայց ստացել են փսիխոզով տառապող թմրամոլի զառանցանքի սղագրություն:

Տեսահոլովակի պրեմիերան անելուց մոռացել եք գրել «նյարդերից թույլ մարդիկ չնայեն»:

Եվ, որպեսզի համոզվեք, որ այս անգամ Լիլիթն իրոք չափն անցել է, նայեք համացանցում նրա տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանությունները: Այս անգամ Լիլիթին քննադատություններից չեն կարողանում փրկել անգամ նրա «գժուկ ֆան»-երը: