Փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան: Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ:

«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը: Մենք Շվեդիայում 3 փաստաբան ենք վարձել, այս շաբաթվա մեջ գործը կմտնի դատարան:

Փաստաբանները զարմացած ասում են, թե ձեր պետությունն ի՞նչ պետություն է, որ չի ուզում խառնվել այս գործին: Պիտի գոնե դիմեին, ասեին էս մեր քաղաքացու հետ էս ի՞նչ եք արել: Այնքան անմարդկային են, որ գնացել փաստաբանին ասել են՝ ուր եք գազ տալիս»,– պատմեց մահացած երիտասարդի հայրը՝ առանց մանրամասնելու, թե որ պաշտոնյան է փաստաբանին նման բան ասել: Հոր խոսքերով՝ տղան բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում ու ընկերների հետ շրջել է եվրոպական մի քանի երկրում:

Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության փորձի ահազանգ մսամթերքի խանութից: «Հետո փաստաբանները գնացել, հարցրել են՝ ուր է գողոնը, պարզվել է գողոն չկա, ասել են՝ գողության փորձ է եղել, հետո դա էլ է հերքվել»,– պատմեց հայրը՝ շարունակելով. «Տղայիս մարմինը տեղափոխելու համար հայ համայնքն է վճարել, ԱԳՆ–ն չի աջակցել: Հայ համայնքն էլ է զարմացած ոստիկանների պահվածքից ու մեր կառավարության պահելաձևից: Կառավարությունից մինչև անգամ չզանգեցին, չասացին՝ ցավակցում ենք: Մենք կառավարություն չունենք, որ մեր քաղաքացու իրավունքները դրսում պաշտպանի: Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,– պատմեց երիտասարդի հայրը:

ՀՀ ԱԳՆ–ից «Փաստի» հարցմանը, թե ինչ է արել ԱԳՆ–ն և Շվեդիայում ՀՀ դեսպանատունը՝ պատասխան պահանջելու, թե ինչու է նման վերաբերմունք եղել ՀՀ քաղաքացու հանդեպ, պատասխանել են, որ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել դեպքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և ծառայողական քննության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։ Հայտագրի մեկ օրինակ էլ ուղարկվել է Շվեդիայի կենտրոնական ոստիկանություն։

«Փետրվարի 10–ին, ի պատասխան դեսպանության գրավոր և բանավոր հարցման, Օրեբրոյի ոստիկանությունից ստացվել է հարուցված գործի մասին որոշման և Դ. Բարսեղյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության կենտրոնի նախնական եզրակացության (մահվան պատճառը փափուկ ուղեղաթաղանթում ինքնաբուխ արյունազեղում, ինչն առավել արտահայտված է աջ կիսագնդի ճակատային մեկ և քունքային երկու բլթերում) պատճենները։ Արտաքին ազդեցություն և այլ անձի անփութության հետևանք, ըստ նախնական եզրակացության, չկա։ Հարցի առնչությամբ փետրվարի 14–ին Շվեդիայում ՀՀ դեսպանորդ Արշակ Մանուկյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Յոն Օստրյոմ Գրյոնդհալի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Օրեբրոյի ոստիկանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աջակցել է Դ. Բարսեղյանի մարմնի Հայաստան տեղափոխմանը»։ Նշենք, որ 32–ամյա Դավիթ Բարսեղյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: