YN.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես կոտրեց ինտրիգը և գալիք ընտրություններին ընդառաջ հանրությանը ներկայացրեց իր տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացների և ապրիլյան ընտրապայքարի վերաբերյալ: Թերևս արժի նշել, որ նախկին նախագայի խոսքերը հստակ էին, չկար ենթատեքստ: Ըստ էության, նա հասկացրեց պայքարի դուրս եկած քաղաքական ուժերին, որ պետք չէ ակնկալել իրենից «փառահեղ» վերադարձ:

Պարոն Քոչարյանը, մասնավորապես, նշում է, որ վաղուց էր խոստացել հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէր տեսնում. «Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունը այնքան մեծ էր, որ չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրադարձություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ», - գրում է Ռ. Քոչարյանը:

Ուշագրավն այն է, որ Քոչարյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ 2015 թ. սահմանադրական բարեփոխումները գործող իշխանությունների մեծագույն սխալն է, որը հղի է մեր երկրի համար բացասական հետևանքներով, ինչը կարող է խորացնել առկա ճգնաժամը: Ռոբերտ Քոչարյանը փաստացի եկել է այն եզրակացության, որ 2008 թ. ներկայիս իշխանություններին սատարելը ոչ մի լավ բանի չբերեց, ավելին՝ նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգությունը բերեց էլ ավելի մեծ ներքին հակասության, ատելության, տնտեսական կոլապսի, արտագաղթի աճի, գաղափարական սովի:

Պարզվում է, նոր ընտրական օրենսգիրքն էլ Քոչարյանի սրտով չի. հատկապես մտահոգիչ է ռեյտինգային քվեարկության համակարգը, որը նույնպես կբերի անցանկալի հետևանքների. «Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»:

Ակնահայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահի այս տեսակետը հետևանքն էր այն մեծագույն սխալի, որն նա գործեց 2008 թվականին, լեգիտիմացնելով ներկա իշխանությունների գործողությունները: