«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հավանաբար հիշում եք՝ նախընտրական առաջին լուրջ միջադեպը գրանցվեց Արարատի մարզում. փետրվարի 23-ի գիշերը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունը, շտաբ էր բացել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, նա էլ հրահանգել էր հարձակվել ու ծեծի ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուին: Արդյունքում` Սամվել Հակոբյանը մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվեց նախ՝ Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանները փութաջանորեն հետաքննում էին տեղի ունեցածը, սակայն այդպես էլ «հանցանք չգտան»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առիթով իրականացված քննությունն ավարտվել է, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ որոշում կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառը, իհարկե, բողոքի բացակայությունն է: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանը, որ միջադեպի օրը հրապարակավ խոստացել էր պատժել «Մուրադիկին», ոչ միայն վայր է դրել զենքերը, այլեւ հրահանգել իր թիմակից Սամվել Հակոբյանին, որ հանկարծ չբողոքի իր գլխին մոտ 6 հարված հասցնելու առիթով:

Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաեւ այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի: Պարզապես երեւույթները ծածկադմփոց են անում՝ փորձելով ջրից չոր դուրս բերել իրենց կուսակիցներին: Տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նույն «հանդուրժողականությունը» կդրսեւորեն նաեւ ընտրակեղծարարների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում