Ես միշտ կանանց ազդեցության տակ եմ գտնվում՝ ընտանիքում, միջավայրում: Այս մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության կին անդամների հետ մարտի 8-ի առթիվ կազմակերպված հանդիպմանը հայտարարեց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Կինը քաղաքականության մեջ բերում է ներդաշնակություն, հանդուրժողականություն: Ես միշտ կանանց ազդեցության տակ եմ գտնվում՝ ընտանիքում, միջավայրում, և կնոջ ազդեցությունը երբեք վատ իմաստով չի լինում»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՎԿ նախագահն իր ելույթում նշեց, որ իրենք վճռականորեն դեմ են ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությանը: Ըստ նրա՝ կանանց նկատմամբ վերաբերմունքը պետք է վերաիմաստավորել:

Բաղդասարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրով նախատեսած 30 քայլերի մեջ մեծ տեղ է հատկացված կնոջ դերի բարձրացմանը, նրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը և ընտանիքների բարեկեցությանը: Ինչպես օրինակ՝ ՀՎԿ-ն առաջարկում է երիտասարդ ընտանիք ձևավորման ժամանակ միանվագ 500 հազար դրամ հատկացնել՝ առաջին քայլերը անելու համար, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին՝ 1 մլն դրամ: