Հանրապետական կուսակցության համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, որովհետեւ շատ լավ պատկերացնում է բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ Այս մասին այսօր՝ մարտի 8–ին, Արմավիր քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց կուսակցության ընտրական ցուցակի 3–րդ հորիզոնականը զբաղեցնող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«3 օր է՝ քարոզարշավը մեկնարկել է, եւ այս օրերի ընթացքում տարբեր խոստումներ եւ ելույթներ են հնչում եւ դեռ հնչելու են, իշխանության համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, որովհետեւ մենք շատ լավ գիտենք բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ Մենք շատ լավ գիտենք տարածաշրջանում մեր բարեկամ երկրի ֆինանսական դժվարությունն իմչպես է ազդում մեր քաղաքացու գրպանի եւ մեր պետության վրա։ Իշխանությունն է, որ շատ լավ գիտի՝ ինչ զենք ունի Ադրբեջանը եւ ինչ ռեսուրսներ պետք է ծախսի դրան դիմակայելու համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ չի կարող տալ խոստումներ, որոնք իրատեսական չեն, իրագործվելու շատ քիչ շանս ունեն»,– ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ, իշխանությունները չեն կարող խոստանալ, որ ապրիլի 3–ից մարդիկ ստանալու են ամենաբարձր աշխատավարձը կամ քառակի բարձր կենսաթոշակ. «Մենք գիտենք, որ եղել են սխալներ, բացթողումներ, բայց չի սխալվում միայն նա, որը չի աշխատում։ Մենք գիտենք, որ ունենք բացթողումներ, բայց այսօր ներկայացնում ենք ծրագրեր, որոնք իրատեսական են»։

Որպես իրատեսական ծրագրի օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը խոսեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի մասին։

Իշխող կուսակցության հանրահավաքը Արմավիրում շարունակվում է։