«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է: Մեր այցելության ժամանակ մարդկանց հոսքը նրա հիվանդասենյակ չէր դադարում։ Մեր խնդրանքով Արթուր Սարգսյանը կալանավայրից դուրս գալուց հետո առաջին հարցազրույցը տվեց «Հրապարակին»:

- Ձեր երկրորդ կալանավորումից մի քանի օր հետո Դուք հացադուլ սկսեցիք, ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք նման քայլի գնալ:

- Արդեն դատական նիստի ընթացքը դիտելով՝ հասկանալի էր դարձել, որ պետական պատվեր է կատարվում, եւ պարտադիր կիրառվելու է ապօրինություն՝ կալանքի տեսքով: Եվ արդեն իսկ մտածել էի որոշակի քայլեր իրականացնելու մասին՝ պայքարի մի տեսակ գտնելու առումով: Եվ որոշվեց անմիջապես պայքարի ճիշտ շարունակությունը՝ հացադուլը․ դա եղել է միայն իմ որոշումը:

- Ինչպիսի՞ն էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերաբերմունքը Ձեր նկատմամբ:

- «Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմն իր վարքագծի մարդկային կանոններից գտնվել է ամենաբացասական դիրքերում՝ կոնկրետ գործողություններով՝ սկսած պալատի նախնական ընտրությունից, որտեղ ինձ տարան, վերջացրած փաստաբանների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծելով: Նաեւ ահաբեկչական, ոչ մարդկային գործողություններ:

- Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո մտածո՞ւմ էիք, որ Ձեզ կրկին բաց կթողնեն:

- Չեմ մտածել դրա մասին, բայց երբ փաստաբանները հայտարարեցին, որ դիմել են Եվրոպական դատարան՝ գործը վերսկսելու կապակցությամբ, դա եւս մի փոքրիկ հույս տվեց, որ հնարավոր է կատարվի այն, ինչը որ հիմա կատարվեց:

- Լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ երկրորդ անգամ կալանավորեցին այն պատճառով, որ հնարավոր էր ընդգրկվեիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ցուցակում:

- Ոչ, ոչ, ոչ: Ես գտնում եմ, որ քաղաքական է եղել կալանավորումը, բայց չեմ բացի փակագծերը, կավելացնեմ, որ ազատության ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որեւիցե մեկի կողքին: Մնացած բոլոր հարցերի պատասխանը կմեկնաբանվի հայտարարությամբ:

Իսկ ինչ վերաբերում է, որ Արթուր Սարգսյանը ցանկացել է այդ կուսակցությանը սատարել, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես չեմ կանգնի մի այնպիսի մարդու կողքին, որն իր քաղաքականությամբ լինելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, մի ապուշ հայտարարություն արեց, թե Արցախի ազատագրված տարածքները հանդիսանում են օկուպացիոն տարածքներ։ Այդպիսի մարդը տեղ չունի ՀՀ տարածքում: Ինչպես նաեւ չեմ կարող կանգնել մի մարդու կողքին, որն ամբողջովին տեղյակ էր ապրիլյան քառօրյա պատերազմին եւ գործողություններ չիրականացրեց՝ կանխելու համար: Նաեւ՝ բանակաշինությանն ուղղված գումարների անփույթ վատնումը:

- ՀՀԿ-ի կողմից է՞լ եք առաջարկություն ստացել:

- Այո, ստացել եմ:

- Ասում եք՝ Ձեր կալանավորումը քաղաքական էր․ եթե համաձայնեիք սատարել ՀՀԿ-ին, գուցե երկրորդ կալանքը չկիրառվե՞ր:

- Չեմ մեկնաբանում:

- Ապրիլի 2-ին Արթուր Սարգսյան քաղաքացին գնալո՞ւ է ընտրության՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու:

- Արթուր Սարգսյանը չի գնալու ընտրության, այլ կատարելու է որոշակի քայլեր՝ ընտրությունները վիժեցնելու հետ կապված: Ապրիլի 2-ին ես պարտադիր լինելու եմ Եռաբլուր պանթեոնում՝ ի հիշատակ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների:

- Բոյկոտը ճի՞շտ ձեւ է:

- Բոյկոտը ճիշտ ձեւ է, քանի որ այդ օրն ընտրությունների օր չէ, այլ՝ սգի, եւ ղեկավարությունը պետք է հասկանա ու հայտարարի ոչ թե հաղթանակի, այլ սգի օր:

- Մտավախություն չկա՞, որ երրորդ անգամ որոշում կկայացվի Ձեզ կալանավորելու:

- Այդպիսի մտավախություն չկա եւ եթե նույնիսկ լինի, կգտնեմ պայքարի նոր միջոց:

- Բժշկական կենտրոնից դուրս գալուց հետո ինչո՞վ եք զբաղվելու:

- Ապրելու եմ... ապրել՝ նշանակում է համապարփակ գործողություններ՝ պահից ելնելով:Նյութի աղբյուրը ` hraparak.am