«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հրազդան քաղաքում այցելել է Սասուն Միքայելյանի շտաբ, ով Կոտայքի մարզում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված է պատգամավորի թեկնածու:

Սասուն Միքայելյանը տեղում չէր, սակայն շտաբի անդամները սիրով ընդունեցին Սեյրան Օհանյանին, ներս հրավիրեցին:

Վերջինս հայտնեց, որ Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է՝ անկախ քաղաքական իրադարձությունների զարգացումից. «Ես մեծ հարգանք եմ տածում Սասունի նկատմամբ: Մարտական ընկերոջ սիրով եմ սիրում Սասունին: Հաջողություն եմ ցանկանում իր բռնած գործին»:

Հարցին, թե Սասուն Միքայելանի հետ մրցակիցնե՞ր են, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Մենք մարտական ընկերներ ենք»:

«Ես Սասունի հետ մի քանի հանդիպում եմ ունեցել, կարճ հանդիպում եմ ունեցել Արամ Զ. Սարգսյանի հետ եւ ընդհանուր առմամբ, բոլորին շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ առողջ մրցակիցներ են: Եթե այս կամ այն հանդիպումների ժամանակ հռետորական տարբեր արտահայտություններ ենք անում, ապա դա հռետորության համար է»,-ասաց նա:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնական է զբաղեցնում, նաեւ թեկնածու է առաջադրվել Կոտայքի մարզում: