YN.am-ը գրում է.

Ինչպես բոլորը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նույնպես մուտք է գործել նախընտրական քարոզչության ակտիվ շրջան: Քաղաքական ուժի կարգախոսն է՝ «Ժառանգություն, համախբում, հաղթանակ»: Ներկա պահին ընթանում են դաշինքի մարզային այցելությունները: Արդեն իսկ մամուլում հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ «ՕՐՕ»-ի դեմ գործի են դրվել ադմինիստրատիվ բոլոր լծակները, իսկ թիրախը, պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանն է:

Ասում են, «ՕՐՕ»-ի գլխին սև ամպեր են կուտակվում, ու թեպետ քաղաքական ուժի մարզային այցելությունները, մասնավորապես, սահմանային համայնքերի բնակիչների հետ ունեցած հանդիպումները անցնում են բավականին ջերմ ու փոխվստահության մթնոլորտում, այդուհանդերձ խոսակցություններ են պտտվում, թե իշխանությունները հրահանգել են մարզային ու համայնքային կառույցներին չարտոնել, խափանել Սեյրան Օհանյանի մասնակցությամբ հավաքները:

Օրերս Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացված հանրահավաքից հետո, Օհանյանին հարցրել էին, թե արդյո՞ք կան ճնշումներ իրենց դաշինքի հավաքների կազմակերպման հետ կապված, գեներալը պատասխանել է. «Ասեմ Ձեզ, որ դա մեր իշխանություններից հեռու չի»:

Ավելին, Օհանյանին չեն վախեցնում անգամ անպիտան ու շարքից դուրս եկած վառելիքի գործի շրջանակներում հավանական ձերբակալության մասին շշուկները: Եթե իր մեղքը կա այդ առնչությամբ, պատրաստ է պատասխան տալ, սակայն համաձայնվում է այն մտքի հետ, թե նրան պարզապես փորձում են լիկվիդացնել:

Թեպետ, ասում են այդ վստահությունը և հավատը առ բռնած քաղաքական պայքարի ձևաչափի չի օգնում մեծացնելու վարկանիշը և ընտրվելու հավանականությունը, այդ իսկ պատճառով, լուրջ մտածում է ընտրություններից հետո միավորվել «Ծառուկյան» դաշինքին: Այս պահի դրությամբ, սրանք սոսկ ենթադրություններ են, իսկ քաղաքականությունը իսկապես անկանխատեսելի հանգուցալուծումների արվեստ է: