«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սադրանք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ Ջրառատ գյուղում
12 մարտի 2017թ., Արմավիրի մարզ
Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:
Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:
Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են այցելել դաշինքի անդամ հանդիսացող պատգամավորները։
Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն եւ օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը այս դեպքի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ»:

Ավելի ուշ ոստիկանությունը ևս արձագանքեց այս միջադեպին: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյբուքյան էջում գրել է. «Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ:
Գործին կտրվի համապատասխան ընթացք:

Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը:
Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»: