Բնակարանային սուղ պայմաններ ու ծնողների հետ ապրելու՝ որդիական պարտականության անշեղ կատարում, բնակարանային նեղվածքի մեջ սկեսուր-հարս հակամարտության սրացում ու, միևնույնն է, ծնողների հետ ապրելու՝ որդիական պարտականության անշեղ կատարում. այս պայմաններում՝ այս փորձությունների քուրայում շատ ու շատ ընտանիքներ են «խորովվել» ինչպես մեր օրերում, այնպես էլ խորհրդային տարիներին: Որոշ ընտանիքներ դիմացել են փորձություններին, որոշ ընտանիքներ քայքայվել են, իսկ որոշ դեպքերում վրա է հասել դաժան վերջաբանը՝ ծանր հանցագործության արդյունքում նաև մարդկային կյանքեր են կորսվել…

1984 թվականի հունիսի 18-ի կեսօրին Երևանի Մյասնիկյանի շրջանի ՆԳ բաժնի երեք աշխատակիցներ ոտքով գնում էին դեպքի վայր: Բայց դեռ տեղ չէին հասել, երբ ռադիոտան հարևանությամբ՝ զբոսայգում, ականատես են եղել մեկ այլ դեպքի:

Սարսափելի տեսարան է բացվել միլիցիոներների աչքի առաջ: Մոլեգնած տղամարդը դանակով անխնա հարվածում էր երիտասարդ կնոջը: Միլիցիայի աշխատողները վրա են հասել, տղամարդու ձեռքերը ոլորել են: Ցավոք, արդեն ուշ էր՝ կինը արնաշաղախ ու անշնչացած ընկած էր գետնին, իսկ 3 տարեկան 2 փոքրիկներ քաշում էին ընկած կնոջ թևերից ու կանչում էին՝ մամա՜…

Քրեական գործով պարզվել է հետևյալը:

28-ամյա Գարեգին Խ.-ն 4 տարի առաջ էր ամուսնացել Մերիի (անունը փոխված է) հետ: Սիրելով էին ամուսնացել: Բնակություն էին հաստատել Գարեգինի ծնողների հետ համատեղ՝ մեկ սենյականոց բնակարանում: Մոտ երկու տարի համեմատաբար համերաշխ էին ապրել: Ամուսնությունից մեկ տարի անց այդ փոքրիկ բնակարանում ծնվել էին նրանց առաջնեկ երկվորյակները՝ տղա ու աղջիկ:

Մեկ սենյականոց բնակարանում արդեն վեց անձ էին ապրում: Փոքրիկների ծնունդով ուրախություն է մտել ընտանիք, բայց գլուխ են բարձրացրել նաև անթիվ դժվարությունները, որոնք բնակարանային նեղվածքից ավելի անտանելի էին թվում…

Վերջին երկու տարիներին՝ 1983-1984 թվականներին, այդ ընտանիքի ներսում ահագնացել է հակամարտությունը, հատկապես՝ սկեսուրի ու հարսի միջև: Մոր ու կնոջ վեճերի մեջ ներքաշվել է Գարեգինը, կռվել է կնոջ հետ՝ պաշտպանելով մորը: Կինը ավելի ու ավելի համառորեն է ամուսնուն խնդրել, որ հեռանան նրա հայրական տնից, առանձին ապրեն ու ինքնուրույն ընտանիք դառնան:

Ամուսինը կտրականապես դեմ է եղել, նա ասել է, թե ծնողներին երբեք չի թողնի, ի՞նչ կասեն մարդիկ…

1984 թվականի մայիսի 7-ին Մերին վերցրել է երեքամյա երեխաներին ու հեռացել է իր ծնողների տուն՝ անհնարին համարելով հետագա համատեղ կյանքը մեկ սենյականոց նեղլիկ բնակարանում:

Հաջորդ օրը Գարեգինը մոր հետ գնացել է կնոջ ծնողների տուն, վերցրել է երեխաներին ու տարել է՝ հույս ունենալով, որ կինը ստիպված կլինի վերադառնալ ընտանիք՝ երեխաների մոտ: Բայց Մերին այնքան էր զզված ամուսնու հայրական տան պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից, որ չի վերադարձել :

Նույն թվականի հունիսի 16-ին՝ դեպքից 2 օր առաջ, Մերիի դիմումի համաձայն ու միլիցիայի աշխատողների միջամտությամբ երեխաները վերադարձվել են մորը:

Հունիսի 18-ին Գարեգինը Օղակաձև զբոսայգում հանդիպել է երեխաների հետ զբոսնող կնոջը: Նա կարոտով մոտեցել է ընտանիքին, սիրել է երեխաներին:

Ամուսինները երկար զրուցել են առանձին ապրելու շուրջ: Գարեգինը փորձել է կնոջը համոզել, որ «քարը փեշից թափի», վերադառնա, նորից բոլորը միասին ապրեն նույն հարկի տակ: Բայց Մերին կտրականապես մերժել է:

Տեսնելով, որ ամուսինն անդրդվելի է, նա երեխաների ձեռքից բռնել ու սկսել է հեռանալ:

Գարեգինը մի քանի րոպե մնացել է կանգնած: Հետո գրպանից հանել է դանակը, վազելով մոտեցել է կնոջն ու երկու մանկահասակ երեխաների ներկայությամբ սկսել է դանակով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին: Նա դանակի 14 հարված է հասցրել կնոջ գլխի, ծոծրակի, պարանոցի, կրծքավանդակի շրջաններին ու, ըստ քրեաիրավական որակման՝ առանձին դաժանությամբ սպանել է նրան:

Դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Գարեգին Խ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել: Նա ճանաչվել է մեղսունակ:

Հայկական ԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 1984 թվականի սեպտեմբերի 12-ի դատավճռով Գարեգին Խ.-ին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է 15 տարի ազատազրկման: