Նրա ընդդիմադիր կեցվածքը զուրկ է պոպուլիստական հռետորաբանությունից: Ձգտում է YN.am-ի զրուցակիցը «Ալյանս» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, գալիք ընտրություններում Երևանի թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուրիխանյանն է:

Ո՞րն է հաջողված քաղաքական գործիչ և համատեղությամբ ամուսին և հայր լինելու Ձեր բանաձևը:

- Չափազանցված գնահատական է, ինչի համար շնորհակալ եմ, բայց ես ինձ չեմ համարում այդպիսին, այլ համարում եմ, որ մարդ եմ, որը ձգտում է լինել հաջողված կյանքի բոլոր դրևսորումներում: Ինչպես ասում էր հայտնի ֆիզիկոս Լանդաուն. «Շատ բան կյանքում անել հնարավոր չէ, բայց դրան պետք է ձգտել: Այնպես որ՝ ես ձգտում եմ հաջողություններ արձանագրել և՛ քաղաքական, և՛ պետական սեկտորում, և՛ անձնական կյանքում:

Ի՞նչ է ասել լինել հայրենասեր:

- Ինձ համար հայրենասերը նա է, ով իր կողմից սիրված հայրենիքի փողոցներում աղբ չի նետում: Չի ստորադասում իր դիմացինի, կողակցի կամ պարզապես այլ քաղաքացու շահերը և բարոյական իրավունքները իր սեփական շահերին կամ իրավունքներին: Իր հայրենակիցների հետ շփվելիս, համագործակցելիս՝ անքաղաքավարություն և անպարկեշտություն չի դրևսորում, այլ հակառակը՝ փոխադարձ հարգանքի, փոխվստահության և կոռեկտության պահպանմամբ է ապրում ու առաջնորդվում:

Ի՞նչպիսին պետք է լինի քաղաքական օրակարգ ձևավորողը:

- Շատ կարևոր է, որպեսզի որոշումների կայացման դաշտ, պետական կառավարման համակարգ, ազդեցության տիրույթ գան այնպիսի մարդիկ, ովքեր գիտեն, որ չի կարելի մտնել ուրիշի գրպանը, պետական գանձարան մտնելու ցանկություն չունեն: Սա որպես ընդհանուր փիլիսոփայություն, ինչպիսի քաղաքական գործիչ ձգտում եմ լինել ես: Թե, որքանով է ստացվում, դատողը պետք է լինեն կողքից այս ամենին հետևող մարդիկ:

 Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը:

- Պունկտուալությամբ տարբերվող աշխատանքի ձևաչափ: Ցավոք սրտի, և՛ մեր հասարակության, և՛ պետական-քաղաքական կյանքում վերոնշյալը առաջնային ու գերակա երևույթ չէ: Հատկապես պառլամենտում չափազանց անհրաժեշտ են մարդիկ, ովքեր պունկտուալ են, ունեն հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, հանրային մտածելակերպ: Դա է որակապես այլ խորհրդարանի տեսլականը:
Ո՞րն է այն հիմնախնդիրը, որը առաջնային եք համարել պատգամորական գործունեության ընթացքում:Անըդմեջ խոսել եմ, հինգ տարի խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնել եմ անարդյունավետ կառավարման առկայության մասին: Գործելով ընդդիմադիր տիրույթում, առանց ջղային և առավել էմոցիոնալ հռետորաբանության, միշտ դրել եմ խնդիր՝ անարդյունավետ կառավորողների փոփոխության անհրաժեշտություն:

Ի՞նչ է սպասվում հասարակությանը մեկ ամիս անց:

- Մոտավորապես երեսուն օրից տեղի է ունենալու այն իրադարձությունը, որից էլ, ըստ էության, բխում է այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում. և՛ լավ, և՛ վատ, և՛ դրական, և՛ բացասական երևույթները: Որովհետև եթե չկան որակյալ ընտրություններ՝ չկան նաև փոփոխություններ: Մարդկությունը, համենայն դեպս, դեմոկրատական հասարակարգը, ընտրությունները հորինել է հենց նրա համար, որպեսզի արդյունավետ կազմակերպի հանրային կենսակերպը: Մեկ ամսից մենք ունենալու ենք այնպիսի իրադարձություն, որը, եթե որակապես տարբերվող լինի, այսինքն գան փորձառու, աշխատունակ, արդյունավետ օրենքներ գրող մարդիկ, ովքեր իրականում արժանանալու են հեռանկարային ընտրություն կատարող քաղաքացու քվեին, ապա որակական փոփոխությունները մեր երկրում ավելի տեսանելի ու շոշափելի կլինեն: