Ինչպես արդեն հայտնել ենք, օրերս «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունը Հայաստանում կստեղծի ծխախոտի հարուցած վնասը նվազեցնող արտադրանք: Խնդրի առնչությամբ ֆեյսբուքյան օգտատեր Զառա Պողոսյանը բաց նամակով դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի, մասնավորապես, նշելով, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ծխախոտի պրոպագանդայով է զբաղված, մինչդեռ ըստ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, արգելվում է նշել, որ ծխախոտի հիմքով որևէ արտադրանք ավելի անվտանգ է, քան մեկ ուրիշը:

   Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Էդգար Խաչատրյանի հետ:

  Ի՞նչ տվեց Հայաստանին «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան, այն դեպքում, երբ փողոցները դարձել են ծխոխոտի մնացորդների գերեզմաններ, երթուղայինների վարորդները ոչնչացնում են ուղևորների թոքերը:

 -Յուրաքանչյուր քաղաքացի առաջին հերթին ինքը պետք է պատասխանատվություն կրի սեփական միջավայրի համար: Եթե մարդն իր ծխախոտի մնացորդը նետում է փողոցում, այստեղ ոչ մի կոնվենցիա չի կարող օգնել:
Բողոքում ենք երթուղայինի վարորդներից, բայց նույն բողոքողները ծխում են իրենց երեխաների մոտ: Վերը նշված կոնվենցիային են միացել բազմաթիվ պետություններ: Հարցն այն չէ, թե ինչ տվեց, այլ, եթե չլիներ այդ կոնվենցիան՝ ի՞նչ կլիներ: Բնականաբար, այդ կոնվենցիան ինքնին դրական է:

 Ի վերջո, հանուն բիզնեսի, կառավարությանը ձեռնտու է ծխախոտի միջոցով մարդկանց առողջության քայքայումը:

 -Կառավարությունը պետք է մտածի բարենպաստ ներդրումային համակարգ ստեղծելու մասին. այս առումով իհարկե ձեռնտու է, սակայն կառավարությունը պետք է զգուշություն դրսևորի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի մակարդակով չգովազդի ծխախոտը: Այդ առումով անընդունելի է:

 Պե՞տք է արդյոք գրանտակեր հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, այսպես կոչված, պայքարում:

 -Ես որևէ մեկին գրանտակեր անվանելու խնդիր չունեմ. ինձ համար կարևոր է առողջ միջավայրը, իսկ եթե որևէ կազմակերպություն դրամաշնորհ է ստանում և ստացածով փորձում է առողջ միջավայր ստեղծել՝ ինչո՞ւ ոչ, թող անեն: Հասարակությունն առաջին հերթին ինքն է պատասխանատու շրջակա միջավայրի համար և անհատի՝ կազմակերպությանն ուղղված ջանքերն այդ հարցի կարգավորման համար միայն դրական եմ գնահատում:

 Ըստ Ձեզ, կհաջողվի՞ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ին Հայաստանում ստեղծել ծխախոստի հարուցած վնասը նվազեցնող արտադրանք:

  -Նախ ինքնին դժվար է սահմանել ծխախոտի ավելի քիչ վնասակար ասվածը, քանզի դա պահանջում է լուրջ գիտահետազոտական աշխատանքներ, իսկ անկախ փորձագիտական եզրակացություն այս ոլորտում առկա չէ: «Որքանո՞վ է իրատեսական անվտանգ ծխախոտ ստանալ Հայաստանում» հարցի պատասխանը կարելի է տալ, երբ գոնե տրված է այն հարցի պատասխանը՝ աշխարհում հնարավո՞ր է, թե ոչ: Զուտ Հայաստանի մասով, եթե կատարվեն խոստացված ներդրումները՝ վերջինիս նկատմամբ իրականացվի խիստ հասարակական և պետական վերահսկողություն, կարելի է ստանալ այն, ինչը հնարավոր է աշխարհում: Կրկին վերադառնում ենք նույն խնդրին, որ պետք է ընդամենը պարզել, թե աշխարհում հնարավո՞ր է արտադրել անվտանգ ծխախոտ: Մինչդեռ նույն Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ, իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց են տալիս, որ առկա հետազոտությունները առնվազն բավարար չեն:

 Արժե՞ արյդոք հանուն տնտեսական զարգացման նպաստել քաղցկեղի, սրտի հիվանդությունների և վաղաժամ մահվան վտանգի մեծացմանը:

 -Իհարկե չարժե՛: Ինչպես արդեն նշեցի՝ կառավարական ու պետական մակարդակով գովազդել չի կարելի, բաց դուք էլ եք հասկանում, որ մարդիկ շարունակելու են ծխել. շատ կամ քիչ, դա այլ հարց է ու պահանջարկ լինելու է: Այդ դեպքում, ներդրումներ պետք են, ու եթե վերը նշված լաբարատոր փորձերը հաջողությամբ պսակվեն ու ապացուցեն, որ այս կամ այն տեսակը քիչ վնասակար է՝ ավելի լավ, բայց կրկնում եմ՝ փոխնախարարի մակարդակով ծխախոտ գովազդելը բոլոր իրավիճակներում անընդունելի է:

   Շարունակենք առողջ լինել, իսկ դրա համար ուղղակի կարելի է հրաժարվել ծխախոտից,- եզրափակեց քաղաքագետը։