Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նոր միջադեպ է գրանցվել, ինչը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա ասաց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է դպրոցում աշակերտների միջև, ինչին միջամտել են մեծահասակները։

«Վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը մասնակիցները փորձել են վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մի հոգի՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ հոգու մոտ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է. «Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»:

Tert.am-ի տեղեկություններով՝ երեխաների միջև վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ կողմերից մեկի երեխան հայհոյել է Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի ազգականին:

Այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել «ՕՐՕ» դաշինքի մամուլի բաժինը. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ»:

«Ազատության» հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ ասաց, որ իրենց համակիրներից վիրավորված անձինք կան։

«Տեղափոխվում են հիվանդանոց: Ամբողջ ինֆորմացիան այս պահին չեմ տիրապետում»,-ասաց նա։

Հարցին, թե սա նախօրեին Ջրառատում տեղի ունեցածի շարունակությո՞ւնն է, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սա հերթական ապօրինությունն է: Իրենց համար միևնույն է, կարևոր է` իշխանությունը մնա ու իրենց ապօրինությունները շարունակեն»:

Ջրառատի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ևս «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում միջադեպ էր գրանցվել: Ըստ «ՕՐՕ»-ի տարածած հաղորդագրության՝ Ջրառատի գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել: Միջադեպի շրջանակներում հինգ անձ բերման էր ենթարկվել, իսկ մեկը ներկայացել էր կամավոր, բոլորն էլ ազատ են արձակվել: Քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: