«Ժամանակ» թերթը գրում է. «Վաչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից մեկը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երկրով մեկ ամբողջ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։

Անանուն մնալու պայմանով ՊԵԿ աշխատակիցներից «Ժամանակ»-ին պատմեցին, որ հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները ներկայացնել։ Իսկ ով համարձակվում է հրաժարվել կամ բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատվություն ունի, վերադասը հորդորում է անձնագրի տվյալներից բացի ներկայացնել նաև ազատման դիմումը։

Ընդ որում, անձնագրային տվյալների հավաքագրումից բացի, ՊԵԿ ղեկավարությունն իր աշխատակիցներին յուրաքանչյուր ընտրատարածքում մատնացույց է անում նաև ՀՀԿ-ի այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել։ Պարզվում է, որ նույն ռեպրեսիվ մեթոդներով Վարդան Հարությունյանը աշխատել է «Գազմպրոմ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնում։