Նոր Նորքում այսօր՝ մարտի 15-ին, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի մարզադպրոցում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ լրագրողների վրա հարձակված երկու կանայք բերման են ենթարկվել: Քիչ առաջ նրանք «Տորք Անգեղ» մարզադպրոցից տարվել են ոստիկանության բաժանմունք:

Արթուր Մամոյանը կատարվածի համար արդեն ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորք Նորքում «Տորք Անգեղ» մարզադպրոցի աշխատակիցները հարձակվել են «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ լրագրողների վրա:

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ մարզադպրոցից դուրս եկած կինը լրագրողների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ դաշինքի ներկայացուցիչների վրա գոռգոռալուց հետո շտապում է մտնել մարզադպրոց եւ հեռացնել Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որից հետո Նիկոլ Փաշինյանը, լրագրողները եւ դաշինքի ներակայցուցիչները մտնում են դպրոց: Մարզդպրոցի աշխատակիցները հարձակվում են լրագրողների եւ դաշինքի ներկաայցուցիչների վրա, վնասում օպերատորների տեսախցիկները:

Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: