Ակտիվիստ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթ են անում:

Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ նրանք Ազատության հրապարակից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ փորձել փակել ճանապարհը: Ակտիվիստներից մի քանիսը նստել են գետնին, ինչի հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Այս բողոքի երթը նրանք նախատեսել էին ավելի վաղ, ինչին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Սարգսյանը:

Ոստիկանները ուժով հեռացրել են ցուցարարներին, բացել ճանապարհը: Ներկայումս ցուցարարները բողոքի երթով շարժվում են արդարադատության նախարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող: