«Ապրելու եմ... ապրել՝ նշանակում է համապարփակ գործողություններ՝ պահից ելնելով»․- օրեր առաջ hraparak.am-ի հետ զրույցում ասել էր Արթուր Սարգսյանը, նույն ինքը՝ Հաց բերողը։

                                                                                                             Քրոնիկոն


Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամը 16։00-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացավ «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ երեկ «բողոքի» նոտաներով ակցիա և երթ եղավ, որը դեռ այսօր կունենա իր շարունակությունը, համոզած ենք նաև հետագայում։

Հաց էինք տարել, չվերցրին

Սոված մարդկանց հաց հասցրած Արթուրը ամիսներ անց ինքը պետք է հրաժարվեր հացից։ Երբ փետրվարին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորեցին, նա հացադուլ սկսեց, որը տևեց 25 օր։ «Հաց էինք տարել, բայց չվերցրին, ասացին` Արթուրը հացադուլ է անում: Մարդուն քիչ-քիչ սպանում են, կմահանա տենց».- ասել էր նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը։ Նշենք նաև, որ մինչ Արթուր Սարգսյանը պայքարում էր դատապարտյալների հիվանդանոցում, պայքարում էին նաև Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ այնքան ժամանակ նստացույց իրականացրեցին, մինչև Հաց բերողն ազատ արձակվեց, այլ խոսքով՝ դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց։ 

Մահը «վերածնում է» պայքարը

Իր մահով Արթուր Սարգսյանը «վերածնում է» պայքարը։ Ի հիշատակ Հաց Բերողի՝ երեկ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ երթով «այցելեցին» Արդարադատության նախարարություն։ Երթի մասնակիցները քայլում էին անձրևի տակ և վանկարկում Արթուրի անունը, ինչպես նաև «Սերժիկ, մարդասպան», «Հաց բերողին սպանել են»։ «Գնանք, պատրաստվենք պայքարի, լուրջ ու երկարատեւ պայքարի: Արթուրի վրեժը պիտի լուծենք»․- հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը։ Այսօր ժամը 18.00-ին Ազատության հրապարակը լիքն է լինելու։

Գովազդվել որքան ուժերը կհերիքեն

Արթուր Սարգսյանի մահը որքան անժամանակ էր ինքըստինքյան, այնքան էլ անժամանակ է իշխանությունների համար, չէ՞ որ ԱԺ ընտրությունները սարերի հետևում չեն։ Իսկ ահա իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները, ինչու չէ անձինք, այսօր «հացադուլ են» հայտարարել։ Նախ հայտարարություն տարածվեց, որ Ծառուկյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը. «Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ: Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը».- գրված էր հայտարարության մեջ։ Այս հայտարարությանը հետևեց ՕՐՕ դաշինքի հայտարարությունը. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որպես հարգանքի տուրք «Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի մարտի 17-ին չի իրականացնի որևէ նախընտրական քարոզչություն»։

Հետաքրքրական էր Աբրահամյանների ընտանիքի արձագանքը, Հովիկ Աբրահամյանը, ում պաշտոնավարման ընթացքում էր ձերբակալվել Արթուր Սարգսյանը, գրել է. «Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության»։ Նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ գրել է. ««Հաց բերող»-ի մահը խորը ցավ պատճառեց ինձ. Աստված հոգիդ լուսավորի բարի մարդ»։

Գործ է հարուցվել

«Էսօր հաց կերել ե՞ս, կուլ ա՞ գնացել».- նմանատիպ շատ մեկնաբանություններ կարելի է տեսնել այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում։ Իսկ արդարադատությունն այսօր «չի քնել»։ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշներով:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am