Արմավիրի մարզ կատարած քարոզարշավի ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածուները հանդիպեցին նաև Արմավիր քաղաքի բնակիչների հետ: Ելույթներից առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները խոնարհվեցին Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի մոտ: Ազգաբնակչությանը ուղղված իր խոսքում կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Հուսալքություն, արտագաղթի ցանկություն, մինչև ե՞րբ, ինչքա՞ն ենք թույլ տալու այս ամենը»: Ըստ նրա՝ իր ներկայացրած կուսակցության անդամներն այն մարդիկ են, ովքեր չեն դավաճանել ազատականության գաղափարները և միավորվել են հանուն ազատ, ինքնիխշան կյանք ստեղծելու:

Կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն էլ ողջունելով ժողովրդին նշեց. «Մենք կարող ենք ձեզ հետ միասին լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կան Հայաստանում: Մենք կարող ենք ստեղծել անվտանգ, ինքնիշխան Հայաստան, որի հստակ լուծումները մենք շատ լավ պատկերացնում ենք» : Շարունակելով իր միտքը պատգամավորի թեկնածուն ավելացրեց նաև. «Հայաստանը դարձել է ստիպված ապրելու տեղ, մենք ասում ենք, որ ստեղծելու ենք երազանքների Հայաստան»:

Ըստ նրա, հուսալքությունը այնքան է մեծացել, որ մարդիկ շատ հաճախ չեն դիմում իշխանավորներին: Մարդիկ հույսները կորցրել են և երկմտում են լքել Հայաստանը. «Ո՛չ, չլքե՛ք Հայաստանը, մենք միասին ենք պայքարելու մեր երկրի համար» կոչ արեց Խաչատուր Քոքոբելյանը:

Այստեղ ևս ազատ դեմոկրատները ներկայացրեցին, իրենց իսկ խոսքերով , տնտեսության առողջացման նախընտրական ծրագիրը, խոսեցին Եվրոպային լիիրավ անդամակցելու կարևորության, Եվրոպա առանց վիզա մուտք գործելու, երկիրը բարեկեցության հասցնելու իրենց տարբերակների մասին:
Ելույթով հանդես եկավ նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

«Կյանքիս մի հատվածը կապված է այստեղի հետ: Գործարան էինք հիմնել և մարդիկ գոհ աշխատում էին»,- նշեց թեկնածուն՝ ավելացնելով.

«Մենք այդպիսի Հայաստան էինք կառուցում: Եվ մենք փոքր բիզնեսի կողմնակիցն ենք: Մեր ծրագրում մենք ասում ենք, որ փոքր բիզնեսը մի քանի անգամ ավելի քիչ կհարկվի, գյուղերում կոոպերատիվներ կբացվեն»: Եզրափակելով իր խոսքը՝ թեկնածուն նաև ասաց, որ իրենք, հիմք ընդունելով իրենց իսկ կատարած հաշվարկները, եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում հնարավոր է ապահովել բարեկեցիկ կյանք: