«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը կմասնակցի փաստաբան Տիգրան Եգորյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Սարգսյանի մյուս փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Դավիթ Գյուրջյանն ասաց՝ դեռ հայտնի չէ իրենց ներկայացրած միջազգային փորձագետներին Քննչական կոմիտեն թույլ կտա մասնակցել փորձաքննությանը, թե ոչ: Այս պահի դրությամբ միայն հաստատվել է Տիգրան Եգորյանի մասնակցությունը:

«Այս պահի դրությամբ, ես չգիտեմ Քննչական կոմիտեն կարող է ապահովել փորձագետների ներկայությունը, թե ոչ, մենք նշել ենք այն փորձագետներին, որոնք պետք է ներկա գտնվեն»,-ասաց Դավիթ Գյուրջյանը:

Դատաբժշկական փորձաքննությունը նախատեսված է այսօր ժամը 13:00-ին:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանն ու Վահե Գրիգորյանը միջնորդել էին, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժկական փորձաքննությանն անմիջապես մասնակից լինեն միջազգային անկախ դատաբժշկական փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն եւ դրանցից նմուշներ վերցվեն եւ տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար: Պահանջել էին նաեւ, որ դատաբժկական փորձաքննության ողջ ընթացքը տեսաձայնագրվի եւ դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ հանձնեն իրենց:

Փաստաբանների այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։