«ՀՀԿ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանի կարծիքով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում , ինչպես նաև Մշակութային օրենսդրության մեջ մի շարք բացթողումներ կան, որոնք շրջանցում են մշակույթի գործիչների որոշ իրավունքներ:

Հարություն Կարապողոսյանի խոսքերով, անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգում ներառել մի շարք նոր մոտեցումներ: Թեկնածուի հավաստմամբ, ինքն ամեն ինչ անելու է, որ մշակույթի գործիչը մշտապես գտնվի պետության հոգածության կենտրոնում: Թեկնածուն ճիշտ չի համարում այն, որ քանդակագործները, գեղանկարիչները, գրողները և մի շարք այլ անձիք, ովքեր ներկայացնում են մշակույթ կամ արվեստ, ապահովված չեն արժանապատիվ ծերություն ունենալու հանգամանքով.

«Գրողը իր գործունեության ընթացքում 60 գիրք է գրում, բայց 65 տարեկանում ոչ ոք նրան չի հարցնում քանի՞ գիրք է գրել, ուստի ստանում է զուտ տարիքային կենսաթոշակ՝ առանց հավելավճարի»,- նշեց Հարություն Կարապողոսյանը՝ շարունակելով միտքը. «Քանդակագործը, ում աշխատանքները զարդարում են Հայաստանը և ունի նաև միջազգային ճանաչում, երբ հասնում է կենսաթոշակ ստանալու տարիքին փաստի առաջ է կանգնում՝ ստաժ չունենալու պատճառով»: Բերելով մի շարք փաստարկներ՝ պատգամավորության թեկնածուն նշեց, որ նմանատիպ հարցերը մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում: