ԿԸՀ-ն մարտի 18-ի արտահերթ նիստի ժամանակ քննարկում է ՀՀԿ-ի կողմից բաժանված կոնֆետների հարցը, որոնց թղթերի վրա տպագրված են եղել կուսակցության «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսն ու քվեաթերթիկում նրա հերթական համարը՝ 6։

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարցը քննարկվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումի հիման վրա։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարդացել է դիմումը, որում մասնավորապես նշված է։ ՀՀԿ-ն մի շարք համայնքներում բաժանում է քարոզչական նյութ՝ կոնֆետի ու շոկոլադի տեսքով, որոնց փաթեթների վրա տպագրված են կուսակցության նախընտրական կարգախոսը «Անվտանգություն ու առաջընթաց», ՀՀԿ քարոզչական կայքի հասցեն ու քվեաթերթիկում կուսակցության հերթական համարը՝ 6»։ Դիմումը պահանջում է ՀՀԿ-ին մեկօրյա ժամկետ տալ քարոզչության ընթացքում կոնֆետների բաժանումը դադարեցնելու համար։

Քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանը նկատել է «Շատ կուսակցություններ բաժանում են շարֆեր, կեպկաներ, դրոշներ։Դրանք ապրանքներ են, թե՞ քարոզչական նյութեր»։

Այդ դիտարկմանը Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը պատասխանել է․ «Մենք արձանագրել ենք միայն կոնֆետների բաժանումը։ Եթե կուսակցությունները շարֆեր էլ են բաժանել, դա նույնպես Ընտրական օրենսգրքի խախտում է։ Ինչպես հասկանում եմ՝ խոսքը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին է։ Եթե մենք արձանագրեինք շարֆերի բաժանում, մենք այդ մասին էլ կհայտնեինք։ Կոնֆետը սննդամթերք է, որի բաժանումը արգելված է ԸՕ-ով»