Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Այս մասին, Facebook-ում օնլայն ռեժիմով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

«Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է ծառայեն նախկին ընկերների հարաբերությունների վատթարացման տրամաբանությանը: Նույնն էլ վարդան Օսկանյանի դեպքում է»,-ասաց Փաշինյանը:

«Ելք» դաշինքի թեկնածուն հիշեցրեց, որ իր քաղաքական կենսագրության ընթացքում, որպես ընդդիմադիր գործիչ, տեսել է ընդհատակ, բանտ, հետապնդումներ, բազմաթիվ քրեական ու վարչական գործեր. «Պարզվում է ես սխալ ճանապարհ եմ ընտրել, պետք է 2000-ական թվականներին տեղավորվեի իշխանական միջանցքներում, հետո ինչ-որ պաշտոններ ուզեի, վերցնեի, ծառայեի Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Հետո հարմար պահի հրաժարական տայի, կամ ինձ իմ ուզած պաշտոնին չնշանակեին, եւ ես գնայի դառնայի ընդդիմությո՞ւն»: